Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը նախընտրական քարոզարշավի մասնակիցներին

Պաշտոնական 14.06.2021   17:34   323

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես եկավ ուղերձով և դատապարտեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում խարանավորող արտահայտությունների գործածումն ու կոչ արեց հոգեկան առողջության խնդիրներին ուղղակի կամ ուղղակի անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից։

Հարգելի հայրենակիցներ,

Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ:

Սրան զուգահեռ օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ։

Ե՛վ համաձայն գործող օրենսդրության, և՛ բարոյական նորմերով, առողջությունը, ներառյալ հոգեկան առողջությունը, մարդու անօտարելի իրավունքներից են և ցանկացած հանրային գործիչ, կամ այդպիսին լինելուն հավակնող մարդ, պարտավոր է հարգել այդ իրավունքը:

Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ, այդ թվում քաղաքական գործիչները, պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան խստորեն դատապարտում է խարանավորող արտահայտությունների գործածումը և կոչ է անում հոգեկան առողջության խնդիրներին ուղղակի կամ ուղղակի անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից։

ՀՀԱ Նախագահ և գործադիր վարչություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ընտրաքարոզ, Հայկական հոգեբուժական ասոցիացիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon