Հերոսներ, որոնց առջև խոնարհվեց թշնամին

Խոսք 26.09.2021   13:07   808

Լուսանկարում՝ Հուսիկ Հովակիմյանը և Էդգար Գևորգյանը

Այս պատմությունը երկու խիզախ կամավորական հայորդիների մասին է, որոնք պատերազմի առաջին օրն արդեն առաջնագծում էին՝ տղերքի կողքին:

Ջաբրայիլի ծանր մարտերի օրերին տղաներն առաջնագծի իրենց դիրքում մնացել են մենակ: Դիրքապահների մի մասը զոհվել են, մյուսները՝ փախել կռվի դաշտից: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, ո՛չ միայն պահել են դիրքը, դիմացել թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ են հասցրել։ Նրանք երկու հոգով, թշնամուն շփոթեցնելու նպատակով, անընդմեջ տարբեր զենքերից ու զինատեսակներից կրակ են բացել թշնամու ուղղությամբ՝ մոլորեցնելով հակառակորդին: Թշնամին այդ ուղղությամբ անընդմեջ գրոհներ է կազմակերպել, հրետանային հարվածներ հասցրել դիրքին, փորձել գրավել այն, բայց դիրքի պաշտպան քաջերը թույլ չեն տվել: Միայնակ կռիվ են տվել թշնամու դեմ, մինչև ողջ զինամթերքը սպառվել է: Գիշերով կրակոցների տակ մի կերպ իջել են դիրքից:

«Գիշերվա մթության մեջ նկատեցինք երկու զինվորականի: Արդեն ուզում էինք կրակել նրանց ուղղությամբ, մեկ էլ լսեցինք՝ տղերք հա՛յ ենք, հա՜յ....
Սկզբում չհավատացինք, պատրաստ կանգնած էինք կրակելու, հետո արդեն, չեմ էլ հիշում ոնց, հավատացինք: Ոտից գլուխ մուր  էին, ճղճղված շորերով, կորցրել էին կոշիկ, գլխարկ, հեռախոս...
Հազիվ 25-27 տարեկան տղերք էին: Մնացին մեր հետ: Ինչե՜ր էին արել էրկուսով, ո՜նց էին խաբել թուրքին, հիշում ու ծիծաղում էին ...», - պատմել է դիրքի ժամկետային զինծառայողներից մեկը՝ Վահեն, ում հեռախոսով տղաները տուն էին զանգել այդ օրը:

«Արդեն հույսներս կորցրել էինք, որ ողջ դուրս կգանք էդ դժոխքից: Տղերքը սաղիս թև էին տալի: Իրանց հետ մի տեսակ ավելի էր դուխներս հելե ...Դիրքում ծանր վիրավորներ ունեինք: Տղերքը կարողացան պահել մի նեղ միջանցք, որով դուրս բերին բոլորիս: Այդ 2 քաջերը փրկեցին բոլորիս կյանքը: Չգիտեմ՝ ինչ կլներ մեր հետ: Էլ իրանց չտեսանք...»: 

Տղաներից մեկը Հուսոն էր (Հուսիկ Գրիգորի Հովակիմյան), մյուսը՝ Էդը ( Էդգար Գևորգյան):

Հուսոն այդ դիրքից նույն օրը մի քանի վայրյանով տուն էր զանգել: Երբ քույրը զարմանքով ասել էր՝ հո դուք մահապարտ չեք, ո՞նց եք փրկվել, ի՞նչ եք արել, ասել էր. «Արել ենք է, Ա՜ն, գիտես ինչե՜ր ենք արել...»:

Հուսիկը նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր, հրաշքով էր ողջ մնացել Ապրիլյանի օրերին, իսկ Էդգարի մասին ոչինչ գտնել չհաջողվեց, ցավոք, բացի այս փոքրիկ լուսանկարից:

Տղաները կռիվը շարունակել են Հադրութի տարբեր դիրքերում: Հադրութում էլի ընկել են շրջափակման մեջ, այս անգամ 630 հոգով, բայց համառ պայքարի և հզոր կամքի շնորհիվ կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ առանց մարդկային կորստի:

Տղաների վերջին դիրքը եղել է Հադրութի «Թութակներ» կոչվող դիրքը:
Մի մեծահասակ մարդ կա այդ դիրքից՝ Արմեն անունով, ամեն անգամ Հուսոյից խոսելիս՝ զարմանքը չի կարողանում թաքցնել:

«Մի օր, - պատմում է Արմենը, - զինամթերքով լիքը լցված Կռազը ո՞նց հանեց սարի գլուխը, սաղս մնացինք զարմացած. ոչ ճամփա կար, ոչ հնար...
Սենց էլ էրեխա կլնի՞, զարմանալու բան, ինչ պետք էր ըլնում, ասում էր՝ ե՛ս կանեմ, ե՛ս կանեմ... Մի օր ջղայնացա, ասի՝ ա՛յ տղա, հո դու էն կինոյի միջի «Я сам»-ը չես, այ բալա, մի քիչ նստի տեղդ...»:

Հոկտեմբերի 21-ին դիրքում ծանր վիրավոր են ունեցել՝ լեյտենանտ Սարգիս Մանուկյանը: Ոչ ոք ռիսկ չի արել նրան հոսպիտալ հասցնել: Էդգարը փորձել է հետ պահել ընկերոջը, բայց Հուսոն հակադարձել է. «հո չեմ թոնի՝ արյունաքամ լինի»: Գրկել է վիրավոր լեյտենանտին, նստել շտապօգնության մեքենայի ղեկին և իջել դիրքից: Նրանց հետ դիրքից հոսպիտալ են իջել նաև երկու 19-ամյա վիրավոր զինծառայողներ՝ Սենիկ Խուրշուդյանը և Լյուդվիգ Ավդալյանը:

Երբ արդեն մի քանի օր էր, որ լուր չկար շտապօգնության մեքենայից, «Թութակներ» կոչվող դիրքում բոլորը հավատացած էին՝ ՀՈՒՍՈՅԻՆ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ. ԻՆՔԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Ա, ԻՐԱՆ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՂԹԻ...
Ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվում: Հուսոն մինչև վերջին շունչը պայքարում է վիրավորների կյանքի համար։

Թշնամին օրեր շարունակ պետական հեռուստալիքներով տեսանյութեր էր հրապարակում ու հայտարարում, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել։ Քաջաբար մարտնչած տղաների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին֊առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել։ 

Անվախ քաջորդու մարմինը դեկտեմբերի վերջին փոխանցվել է հայկական կողմին և Հայոց հողին հանձնվել հունվարի 24֊ին։

Էդգարը զոհվել է մի քանի օր հետո՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից:
                                  
Շուշան Հովակիմյան

Լուսանկարում՝ Հուսիկ Հովակիմյանը և Էդգար Գևորգյանը. 

Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Լյուդվիգ Ավդալյան, Հուսիկ Հովակիմյան, Սենիկ Խուրշուդյան, Շուշան Հովակիմյան, Էդգար Գևորգյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon