ՀՀ ՊՆ. Ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում

Կարևոր 19.07.2021   20:00   147

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 18:40-ից սկսած` ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Երասխ, ադրբեջան, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon