Իգոր Պոպով: Փաշինյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը

Կարևոր 13.01.2021   19:04   382

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։

ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ Պոպովի մեկնաբանության մեջ նշվում է, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով հավանաբար ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019-ի հունիսին։ 

Կազանյան փաստաթղթի հետ շատ կետերում համընկնող այդ պլանի մեջ ներառված են կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում Ադրբեջանին 5, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնելն է՝ դրանք, պետք է հատուկ ընդգծել, փոխկապակցելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։

Երևանի շահերն արտահայտող՝ առաջին փուլի մասերից է որպես Լեռնային Ղարաբաղի իրավունք ճանաչել իր բնակչության ամբողջական կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի բացառման ընդունումն ու այլն։ Այդ պատճառով, դիվանագետի կարծիքով, պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ՝ չի համապատասխանում իրականությանը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ.

«Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի որոշում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո (անցկացվելիք) համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»։

Միևնույն ժամանակ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, իսկ հանրաքվեի ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից»,-նշել է ռուսաստանյան համանախագահը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի ու Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձնելը։

Պոպովը նշում է, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ բանակցություններն ընթացել են կանոնավոր մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Իգոր Պոպով, Արցախ, ԵԱՀԿ ՄԽ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon