Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական 26.03.2021   10:00   57

Պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

«Վաղարշակ Հարությունյանն ու Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-Իրաք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon