Իրավիճակը ռազմաճակատում

Արցախ 07.11.2020   10:30   128

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը, առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:

«Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Այդ մարտերում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:

Հարավարևելյան և հարավային ուղղություններում հայկական ԶՈՒ–ը խոցել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումները հայտնաբերելու ու խոցելու համար:

Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության»,- նշված է հաղորդագրության մեջ։

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ»,–ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշւն Ստեթանյանը ։

Թե կոնկրետ որ հատվածում ու ինչ ԱԹՍ է խոցվել, առայժմ չի հայտարարվում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon