«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Զարգարյան. Պատասխանատվության ինստիտուտ

Լևոն Զարգարյան. Պատասխանատվության ինստիտուտ

Պատասխանատվության ինստիտուտ

Պատասխանատվության ինստիտուտի բացակայությունը բացառիկ չէ Հայաստանի նման երկրների համար, սակայն հենց մեզ համար այն կարող է դառնալ ճակատագրական: Սա ո՛չ պատահականություն է, ո՛չ «անցումային շրջանի» հետևանք, ոչ էլ «երիտասարդ ժողովրդավարության դժվարություն»։ Այն ամբողջ խորությամբ դրսևորվեց 2020 և 2023 թվականների աղետներից հետո և շարունակում է մնալ մեր հանրային կյանքի գլխավոր ախտը։ 

Պատասխանատվությունը բացակայում է բոլոր մակարդակներում՝ անհատականից մինչև հավաքական, մասնավորից մինչև պետական, քաղաքացուց մինչև գեներալիտետ։ Ստեղծված վիճակից դուրս գալու համար նախ անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդիրը, հասկանալ այն և սկսել հետևողականորեն պայքարել դրա դեմ։

Հիմա՝ հերթով։ Պատասխանատվության ինստիտուտը պետության կայացման առանցքային հիմքերից է։ Այն գործում է երեք մակարդակում։ Թեև քաղաքագիտությունը դրանք ուսումնասիրում է որպես առանձին մեխանիզմներ, պետության բնականոն զարգացումն ու բարեկեցությունը հնարավոր են միայն դրանց համատեղ գործելու դեպքում։

1. Անհատական բարոյական պատասխանատվություն, երբ կոպիտ կամ ճակատագրական սխալ թույլ տված պաշտոնյան ընդունում է իր մեղքը և հեռանում պաշտոնից։

2. Հորիզոնական ինստիտուցիոնալ հաշվետվողականություն, երբ պետական իշխանության մարմինները վերահսկում և հակակշռում են միմյանց՝ խորհրդարանը, կառավարությունը, դատարանները, դատախազությունը, քննչական մարմիններն ու ուժային մյուս կառույցները։ Եթե այս մեխանիզմներն աշխատում են, մեղավորը պատասխանատվություն է կրում՝ անկախ իր ցանկությունից։

3. Ուղղահայաց ընտրական հաշվետվողականություն, երբ քաղաքացին ընտրությունների միջոցով «պատժում» է ձախողված իշխանությանը՝ այլևս նրան չտալով իր քվեն։

Այս երեք մակարդակներն էլ մեր երկրում կա՛մ բացակայում են, կա՛մ գործնականում չեն աշխատում։

1. Անհատական բարոյական պատասխանատվություն.

44-օրյա պատերազմից, ավելի քան 4000 զոհից և տարածքային կորուստներից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար, փոխնախարար, գեներալ, հրամանատար կամ դեսպան, ինքնակամ չհեռացավ՝ ընդունելով պարտության համար պատասխանատվության իր բաժինը։ Նույնը տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի կորստից հետո։

Առանձին հրաժարականներ, իհարկե, եղան, սակայն այլ պատճառներով՝ կադրային քաղաքականության շուրջ տարաձայնություններ, անձնական խնդիրներ, ներիշխանական պայքար և այլն։ Բայց որևէ դեպքում չհնչեց պարզ ու հստակ ձևակերպումը․ «Ես պատասխանատվություն եմ կրում և հեռանում եմ»։
Յուրաքանչյուր պաշտոնյա մեղքը կամ պատասխանատվության բեռը փոխանցում էր իր վերադասին։ Այդ շղթան հասնում էր մինչև Նիկոլ Փաշինյան, որն իր հերթին մեղավորների շրջանակը շարունակաբար ընդլայնում էր՝ նախ ընդդիմությունն ու «նախկինները», ապա Ռուսաստանը, օլիգարխները, «ղարաբաղցիները» և այլն:

Հաննա Արենդտը «Պատասխանատվություն և դատաստան» աշխատությունում այս տրամաբանությունը խտացրել է մեկ նախադասության մեջ․ «Այնտեղ, որտեղ բոլորը մեղավոր են, ոչ ոք մեղավոր չէ»։
Ավելին՝ 2021թ․ ապրիլին Փաշինյանը ձևականորեն հրաժարական տվեց, սակայն շարունակեց պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար և նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց։ Սա ոչ թե պատասխանատվության ստանձնում էր, այլ դրա թատերական բեմադրությունը՝ հեռացում ձևով, բայց ոչ բովանդակությամբ, քայլ՝ առանց իրական քաղաքական հատուցման։ «Հեռանալու» ամբողջ ընթացքում իշխանությունը մնաց Փաշինյանի ձեռքում։
Հետագայում Փաշինյանը տարբեր առիթներով բազմիցս ներողություն է խնդրել հանրությունից։ Սակայն հանրային ներողությունը, որին չի հետևում ո՛չ հրաժարական, ո՛չ քաղաքական այլ հետևանք, պատասխանատվություն չպարունակող ներողություն է։ Ինչպես հայտնի ֆիլմերից մեկի հերոսն է քահանայի հետ զրույցում ասում․ «Ի՞նչ իմաստ ունի իմ խոստովանությունը, եթե ես չեմ զղջում»։

2․ Ինստիտուցիոնալ մակարդակ.

2021թ․ փետրվարին ԶՈւ ԳՇ 40 բարձրաստիճան սպաներ կոչ արեցին Փաշինյանին հրաժարական տալ (նա դա անվանեց ռազմական հեղաշրջման փորձ)։ Այդ պահին Սահմանադրական դատարանը, խորհրդարանը, ուժային կառույցները վերահսկվում էին Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից: Այդ ինստիտուտներից և ոչ մեկը, որոնք նորմալ ժողովրդավարության պայմաններում կարող էին իշխանությանը պատասխանատվության ենթարկել, դրա համար չուներ ո՛չ հնարավորություն, ո՛չ կամք։ Հորիզոնական հաշվետվողականությունը քայքայված էր։

3. Ընտրական հաշվետվողականություն.

Առաջին հայացքից այս մակարդակում պատասխանատվության մեխանիզմը բավական պարզ է և անպայման պետք է գործի․ եթե իշխանությունը պարտվել է պատերազմում և կորցրել տարածքներ, քաղաքացին հաջորդ ընտրություններում նրան չի վերընտրում։ Հայաստանում այս մեխանիզմը չաշխատեց ո՛չ 2021-ին, ոչ էլ 2026-ին։

Փաշինյանի ընտրական հաղթանակների պատճառները նախկինում քննարկվել են (հղումը)։ Իսկ մինչև այդ պետք է արձանագրել․ Հայաստանի տիպի քաղաքական ռեժիմներում ընտրական դաշտն արհեստականորեն թեքվում է իշխանության օգտին քվեարկության օրվանից շատ առաջ։

Ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալություններ, վարչական ռեսուրսի օգտագործում, պետական լրատվամիջոցների նկատմամբ արտոնյալ հասանելիություն, ընդդիմության ներկայացում որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն» կամ օտարերկրյա շահերի սպասարկու․ այս ամենը նախապես ձևավորում է այն միջավայրը, որում քաղաքացին կատարելու է իր ընտրությունը։

Ընտրական հաշվետվողականությունը քայքայվում է ոչ թե այն պատճառով, որ ընտրողին խաբում են հենց քվեարկության օրը, այլ որովհետև մինչև այդ օրն ընտրության հնարավոր դաշտն արդեն նեղացված է։ Քաղաքացուն առաջարկվում է ընտրել ձախողված իշխանության և «շատ ավելի վատ այլընտրանքի» միջև։ Ընդ որում, այդ այլընտրանքի՝ որպես անխուսափելի աղետի պատկերացումը ձևավորում է հենց իշխանությունը։

Դրան գումարվում է նախընտրական սոցիալական և նյութական խոստումների փաթեթը՝ կենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրության ներդրում, TRIPP ծրագրի շրջանակում ներդրումների ակնկալիք, ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հեռանկար և այլն։ Տնտեսական կախվածության մեջ գտնվող ընտրողը քվեարկում է ոչ թե ձախողված իշխանությանը պատժելու, այլ նյութական բարեկեցության «պայմանագրի» օգտին։ Ռազմական և աշխարհաքաղաքական պարտությունների համար պատասխանատվությունը բախվում է նյութական ապահովության ակնկալիքին և պարտվում։

Այսպիսով՝ չեն գործում պատասխանատվության ո՛չ բարոյական, ո՛չ ինստիտուցիոնալ, ո՛չ էլ ընտրական մեխանիզմները։ Սակայն այստեղ կա նաև հոգեբանական կարևոր գործոն։

Հոգեբանության մեջ այն հայտնի է որպես ինքնանպաստ վերագրման կողմնակալություն (self-serving attribution bias), որի հիմքում Ֆրից Հայդերի տեսությունն է։ Մարդիկ հակված են իրենց հաջողությունները բացատրել ներքին գործոններով՝ սեփական ջանքով, տաղանդով կամ կարողություններով, իսկ ձախողումները՝ արտաքին հանգամանքներով, անհաջողությամբ կամ ուրիշների գործողություններով։

Հետևաբար պատասխանատվությունը հազվադեպ են ստանձնում կամավոր՝ առանց արտաքին ճնշման։ Քչերն են սեփական կամքով ասում․ «Ես ձախողվեցի, որովհետև բավարար չափով կոմպետենտ չէի»։ Մարդու հոգեկանը հակված է արգելափակելու կամ վերաձևակերպելու այդ միտքը, քանի որ այն սպառնում է նրա ինքնագնահատականին․ դա ներքին ինքնապաշտպանական մեխանիզմ է։

Մեղքի ընդունումը և պատասխանատվության ստանձնումը հնարավոր են դառնում այն ժամանակ, երբ ինստիտուցիոնալ, ընտրական և մշակութային միջավայրը պաշտոնից հեռանալը դարձնում է պակաս ցավոտ, քան այն ամեն գնով պահպանելը։ Հենց այդպիսի միջավայր է անհրաժեշտ կառուցել Հայաստանում։

Ընդդիմությունը ևս ունի պատասխանատվության իր բաժինը։ 8 տարվա ընթացքում կրած բազմաթիվ պարտություններից հետո ընդդիմադիր գործիչներն ամեն անգամ հնչեցնում են գրեթե նույն բացատրությունները․ «ընտրողը վախեցավ», «ընտրությունները կեղծվեցին», «ձայները փոշիացան», «արտաքին ուժերն աջակցեցին Փաշինյանին»։ Սակայն որևէ ընդդիմադիր ուժ հստակ չասաց․ «Մենք պարտվեցինք, որովհետև առաջարկեցինք թույլ ծրագիր և ոչ համոզիչ թեկնածուներ, չկարողացանք աշխատել հասարակության հետ ու շահել նրա վստահությունը»։ Անընդհատ հղումներ արտաքին պատճառներին, և գրեթե երբեք՝ սեփական սխալների ընդունում։

Քաղաքական պատասխանատվության ուսանելի օրինակներ կարելի է գտնել Ճապոնիայում։ 2011թ․ Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հինգ ամիս անց Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարական տվեց։ Նա, բնականաբար, պատասխանատու չէր երկրաշարժի և ցունամիի համար, սակայն խիստ քննադատության էր արժանացել ճգնաժամին կառավարության արձագանքի և գործողությունների համակարգման համար։ Նրա պատասխանատվությունն իրավական չէր․ նրան դատարանը մեղավոր չէր ճանաչել։ Դա քաղաքական պատասխանատվություն էր՝ կառավարման արդյունքի համար։ Դրանից մեկ տարի առաջ Յուկիո Հատոյաման հրաժարական տվեց Օկինավայից ամերիկյան ռազմաբազան տեղափոխելու մասին տված նախընտրական խոստումը չկատարելու պատճառով։

Այստեղ կարևոր է արձանագրել․ եթե Հայաստանը ձգտում է պետություն կառուցել Ճապոնիայի կամ Գերմանիայի օրինակով, բավարար չէ պարզապես պատճենել նրանց օրենքներն ու ինստիտուտները։ Անհրաժեշտ է ձևավորել հասարակություն, որը պատասխանատվությունն ընկալում է ոչ միայն որպես քաղաքական մեխանիզմ, այլև որպես վարքականոն՝ վարչապետից մինչև շարքային քաղաքացի։ Ինստիտուտները դատարկ են առանց մշակույթի, որը դրանք լցնում է բովանդակությամբ։

Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը չի ձևավորվի ո՛չ նոր Սահմանադրությամբ, ոչ էլ մեխանիկական իշխանափոխությամբ։ Այն կառուցվում է ամեն օր՝ յուրաքանչյուր պաշտոնյայի շնորհիվ, որը ճգնաժամային պահին հրաժարական է տալիս, յուրաքանչյուր ընտրողի շնորհիվ, որը չի քվեարկում ձախողված իշխանության օգտին, յուրաքանչյուր ընդդիմադիրի շնորհիվ, որը սթափ գնահատում է սեփական սխալները և հասարակությանն առաջարկում նոր մոտեցումներ, յուրաքանչյուր քաղաքացու շնորհիվ, որը հրաժարվում է իր անհաջողությունների համար մշտապես ուրիշներին մեղադրելու սովորությունից։

Պատասխանատվության մշակույթը հնարավոր չէ ներմուծել դրսից կամ ամրագրել նոր Սահմանադրությամբ և օրենքներով։ Այն սկսվում է այն պահին, երբ մարդը դադարում է հարցնել՝ «ո՞վ է մեղավոր», և հարցնում է՝ «իսկ ինչի՞ համար եմ պատասխանատու ես»։
Որովհետև պետությունը սկսվում է այնտեղ, որտեղ «ես մեղավոր չեմ» արտահայտությունը դադարում է լինել ազգային արդարացում։

Հ․Գ․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին «Մարդկանց երկիրը» գրքում գրում է․ «Մարդ լինել՝ հենց նշանակում է պատասխանատու լինել»։ Պետությունն էլ սկսվում է ճիշտ այդ կետից։

Լևոն Զարգարյան