Լևոն Զարգարյան. Ժողովրդավարության պատրանք կամ մրցակցային ավտորիտարիզմ
Ժողովրդավարության պատրանք կամ մրցակցային ավտորիտարիզմ
Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց անցկացնել վերաքվեարկություն այն 3 ընտրատեղամասերում, որտեղ անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները՝ այդ կերպ փաստացի դուրս թողնելով ԲՀԿ-ին խորհրդարանից և ապահովելով ՔՊ համար մանդատների 3/5-ը։ ՀՀ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե չեղյալ ճանաչված արդյունքները կարող են փոխել մանդատների բաշխման ընդհանուր պատկերը, պետք է անցկացվի վերաքվեարկություն։ Այս ուղղակի օրինական պահանջը ՔՊ կողմից նշանակված ԿԸՀ կազմը շրջանցեց՝ պատճառաբանելով, թե «թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա», ինչպես նաև «Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում»։
Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը նախատեսում է վերաքվեարկությունը հենց որպես խախտված արդարությունը վերականգնելու մեխանիզմ, իսկ ԿԸՀ-ն հրաժարվում է այդ մեխանիզմից՝ պատճառաբանելով, թե այդ մեխանիզմը չի կարող ապահովել արդարությունը։ Հատկապես ուշագրավ է, որ մինչ այդ վարչական դատարանը թեկուզ և մերժել էր Բարգավաճ Հայաստանի հայց, բայց արձանագրել էր, որ խախտումներ եղել են և վերաքվեարկությունն անհրաժեշտ էր։
Բայց հունիսի 14-ի որոշումը, իր ողջ աբսուրդայնությամբ հանդերձ, պետք է դիտարկել որպես ավելի մեծ ճարտարապետության մաս, ոչ թե առանձին դեպք։ Այն, ինչ կատարվել է Հայաստանի 2018-2026թթ․ քաղաքական համակարգի հետ, նկարագրված է Հարվարդի քաղաքագետներ Սթիվեն Լևիցկու և Դենիել Զիբլատի 2018-ին հրապարակված «Ինչպես են մեռնում ժողովրդավարությունները» («How Democracies Die») աշխատությունում։ Ըստ աշխատության հիմնական թեզի՝ ժամանակակից, 21-րդ դարի բռնապետության հիմնական տարբերակիչ հատկանիշն այն է, որ բռնապետական ռեժիմներն այլևս չեն գալիս ռազմական հեղաշրջումներով։ Դրանք գալիս են ընտրությունների միջոցով, և ինստիտուտները ապամոնտաժվում են աստիճանաբար, օրինական ընթացակարգերի շրջանակում։ Իսկ մինչ այդ Լևիցկին և իր մյուս գործընկեր Լյուկաս Ուեյը 2010թ․ լույս տեսած աշխատությունում ձևակերպեցին նման ռեժիմի անունը՝ «Մրցակցային ավտորիտարիզմ» («Competitive Authoritarianism»)։ Դա այն վիճակն է, որտեղ ֆորմալ ընտրությունները պահպանվում են, բայց քաղաքական դաշտում չկա ուժերի հավասարակշռություն։ Ընդդիմությունը կարող է մասնակցել ընտրություններին, բայց չի կարող իրականում պայքարել հաղթանակի համար, քանի որ դատարանները, պետական ապարատը, ընտրական մարմինները, հիմնական ԶԼՄ-ները ենթարկվում են իշխանությանը։
Այս 2 աշխատությունները վկայում են, որ ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն է (որքան էլ այդ կեղծիքը տարածվի «մրցակցային ավտորիտարիզմի» ռեժիմների և նրանց աջակիցների կողմից), այլ նաև մի շարք այլ անհրաժեշտ պայմաններ․
- իշխանության ճյուղերի բաժանում,
- դատարանների անկախություն և ապաքաղաքականացվածություն,
- -պետական ինստիտուտների անկախություն,
- ընդդիմության օրինական պայքարի հնարավորություն,
- մամուլի ազատություն,
- ընտրական մարմինների՝ օրենքին հավատարիմ գործելու ունակություն։
Բացի այդ, Լևիցկին և Զիբլատը ձևակերպել են ժողովրդավարության էրոզիայի 4 հիմնական հատկանիշ․
1․ Ընդդիմության լեգիտիմության ուրացում (ընդդիմությունը ներկայացնել ոչ թե որպես այլընտրանք, այլ սպառնալիք՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն», որի վերադարձը նշանակում է «Հայաստանի կործանում և ինքնիշխանության կորուստ»):
2․ Քաղաքական մրցակիցների նկատմամբ բռնության տոլերանտություն (բազմաթիվ ընդդիմադիրների, այդ թվում՝ ընդդիմադիր հիմնական ուժի առաջնորդի, ձերբակալումներ, նրանց որպես ահաբեկիչներ, կաշառք բաժանողներ և օտարերկրյա գործակալներ պիտակավորում՝ առանց այդ մեղադրանքների ապացուցման):
3․ Քաղաքացիական ազատությունների սահմանափակում (ճնշում Եկեղեցու նկատմամբ, ընդդիմադիր քահանաների՝ եկեղեցական ծեսերի անցկացման արգելում որոշ եկեղեցիներում, շանտաժներ, վարկաբեկման արշավներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական աշխատողների ազատում):
4․ Քաղաքական մրցակցության սահմանափակում (իշխանության 3 ճյուղերի «հպատակեցում» մեկ մարդու, բազմաթիվ քրեական գործեր՝ ակնհայտ քաղաքական մոտիվներով, ԿԸՀ՝ հունիսի 14-ի որոշումը, որ հիմնված էր ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության վրա):
Հայաստանի «ժողովրդավարության» կողմնակիցները կարող են ասել, որ «հունիսի 7-ին՝ բուն քվեարկության օրը, նկատելի խախտումներ չեն գրանցվել»։ Այո, սակայն խնդիրն ավելի խորքային է. ժամանակակից «մրցակցային ավտորիտարիզմի» ողջ էությունն այն է, որ խախտումները տեղի են ունենում ՈՉ ընտրությունների օրը։ Դրանք տեղի են ունենում ընտրությունների մեկնարկից 6 ամիս, մեկ տարի, 8 տարի առաջ. ձերբակալվում են ընդդիմադիր ակտիվիստները, ենթարկեցվում են դատարանները, ընդդիմությունը ներկայացվում է որպես սպառնալիք, ընդդիմադիր ԶԼՄ-ները ենթարկվում են ճնշումների, ընտրողը մոբիլիզացվում է վախի վրա, հասարակությունը մշտապես սնուցվում է ներքին և արտաքին «թշնամիների» մասին լուրերով (նախկիններ, Ռուսաստան, արցախյան էլիտա, օլիգարխներ և այլն)։ Արդյունքում ընտրությունների օրը վերածվում է ֆորմալ ընթացակարգի, որի արդյունքն արդեն կանխորոշված է։
Մի կողմ թողնենք արդեն իսկ կայացած ավտորիտար համակարգերը և որպես օրինակ դիտարկենք 2015-2023թթ․ Լեհաստանը։ Պաշտոնապես ընտրություններով իշխանության եկած «Իրավունք և արդարություն» կուսակցությունը (PiS, Յարոսլավ Կաչինսկի) 2 տարվա ընթացքում հատուկ նշանակումներով «գրավեց» Սահմանադրական դատարանը (իսկ երբ այդ ընթացքում ՍԴ-ն կառավարության դեմ որոշումներ էր կայացնում, ուղղակի չէր ճանաչում դրանց օրինականությունը), 2016թ․ միավորեց դատախազությունը և արդարադատության նախարարությունը (փաստացի դատախազությունը վերածելով քաղաքական մարմնի), 2017-2018թթ․ նվազեցրեց Գերագույն դատարանի թոշակային տարիքի շեմը՝ այդ կերպ ազատվելով 27 անցանկալի դատավորներից, օրենքի փոփոխությամբ լիազորեց գանձապետարանի նախարարին ուղիղ նշանակել պետական ԶԼՄ-ներ ղեկավարներին (կարճ ժամանակում 160-ից ավելի լրագրողներ ազատվեցին աշխատանքից)՝ պետական մեդիան վերածելով իշխանությունների քարոզչամեքենայի։ Այդ ընթացքում երկրում տեղի են ունեցել 5 համապետական ընտրություններ, որոնք արտաքնապես թվում էին առավել քան ժողովրդավարական։ Սակայն ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, ԵՄ շահերը Լեհաստանում այլ էին, ինչի արդյունքում ԵՄ կողմից սառեցվել էր Լեհաստանի համար նախատեսված 137 մլրդ եվրոյի ֆինանսավորումը՝ դատական համակարգի անկախության խաթարման պատճառով։ Այդ գումարներն ապասառեցվեցին միայն 2023-ին կայացած ընտրություններում PiS-ի պարտությունից հետո։
Վերոգրյալը ցույց է տալիս, որ քվեարկության օրը գրանցված ընտրախախտումները ժամանակակից մրցակցային ավտորիտարիզմի ակնառու հատկանիշ չեն։ Ընդհակառակը, մրցակցային ավտորիտարիզմի ռեժիմները ընտրությունների օրը հնարավորինս զերծ են մնում ընտրակեղծիքներից, քանի որ արդյունքն արդեն ապահովված է։ Այդպես է եղել նաև 2010-2026թթ․ Հունգարիայում, 2000-ականների Ռուսաստանում, Սերբիայում, Թուրքիայում (հատկապես 2016թ-ից հետո) և այլուր։
Հ․Գ․ «Ժողովրդավարությունները չեն մեռնում հեղաշրջումներով. դրանք մեռնում են օրինական կառավարությունների աստիճանական, ոչ նկատելի գործողություններով։ Յուրաքանչյուր քայլ՝ առանձին վերցրած, թվում է ընդունելի։ Քայլերի ամբողջությունը դառնում է անհաղթահարելի»․ Լևիցկի և Զիբլատ, «Ինչպես են մեռնում ժողովրդավարությունները»։


