Իրավիճակը ռազմաճակատում

Կարևոր 08.11.2020   12:00   405

Արցախի պաշտպանության բանակը թշնամական ևս երկու անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»,- նշված է Ստեփանյանի գրառման մէջ։

Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է նաև թշնամու 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա։ Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում թշնամուն մեծաթիվ կենդանի ուժի կորուստներ է պատճառվել։

Ծանր ու վճռական մարտեր են ընթանում Շուշիի համար։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմակայում է թշնամուն։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել, նշելով, որ դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը, և որ կենաց ու մահու պայքարը շարունակվում է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։

«Լրագրողներին ժամանակավորապես դուրս են բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ լրագրողներին Ստեփանակերտից դուրս բերելու տեղեկությունները շաբաթ երեկոյան են ստացվել։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Շուշի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon