«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը
«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը
Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։
Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:
Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։


