Կարեն Քոչարյան. Տեր-Պետրոսյանի առաջարկը ֆանտաստիկ առաջարկ է

Քաղաքական 07.05.2021   10:17   207

Հրապարակը գրում է. «Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկ է արել, ինչը մերժվել է, Տեր-Պետրոսյանը նույն առաջարկը հրապարակավ արեց, հրապարակավ էլ մերժվեց։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի այդ առաջարկի մասին, և ի՞նչ կլիներ, եթե այդ առաջարկը չմերժվեր․ «Տեր-Պետրոսյանի առաջարկն, իհարկե, ֆանտաստիկ առաջարկ է, բայց ես չգիտեմ՝ իրենք առանձին-առանձի՞ն ավելի շատ ձայն կստանային, թե՞ միասին գնալով։ Ինքը՝ գաղափարը, իրոք, շատ լավն է, բայց քանի որ այսօր հասարակության մեջ ներարկված թույնը այսքան շատ է տարբեր անհատների նկատմամբ․ մի մասը չի ուզում լսել Ռոբերտ Քոչարյանի անունը, մի մասը՝ Սերժ Սարգսյանի, մի մասը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, բայց առանձին-առանձին իրենց կարող են տալ ձայն։

Այստեղ զուտ ռազմավարական իմաստով միասնության տարբերակը, հատկապես երբ այսքան պառակտված է ամեն ինչ՝ «սև- սպիտակ», «նախկին- նոր» և այլն, ապա զուտ գաղափարի առումով ես ամեն կերպ ողջունում եմ այդ գաղափարը, բայց զուտ պրագմատիկ իմաստով և մարտավարական առումով չեմ կարող ասել, թե որն է ավելի ճիշտ՝ միասի՞ն գնալը, թե՞ առանձին-առանձին, բայց ես համոզված եմ, որ 3-ն էլ պետք է մասնակցեն՝ այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանը, թեկուզ առանձին կամ ոչ մյուս 2 նախագահների հետ, և ես համոզված եմ, որ առաջին նախագահն էլ բավականին լուրջ ձայներ կհավաքի»,- պատասխանեց Քոչարյանը։

Նրան հարցրինք, կարո՞ղ ենք ասել, որ Սարգսյանն ու Քոչարյանը մերժեցին Տեր-Պետրոսյանի միասնության ձեռքը․

«Երրորդ նախագահի պատասխանը ավելի մեղմ էր, երկորդինը՝ ավելի կոշտ։ Ես չեմ կարծում, որ մերժվեց միասնության ձեռքը, որովհետև այնպես չէ, որ մինչև հիմա շատ հարթ է եղել ամեն ինչ 3 նախագահների միջև, բայց անկախ նրանից՝ միասի՞ն են գնալու ընտրություններին, թե՞ ոչ, մի հարցի շուրջ 3-ով էլ ունեն կոնսենսուս, որ այս իշխանությունները չպետք է մնան, այս հարցի շուրջ, կարծում եմ, իրենք բոլորն էլ ունեն միասնական կարծիք» ,- պատասխանեց Քոչարյանը»։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարեն Քոչարյան, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon