«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Միայն Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակի դեպքում էր Բերձորի շրջանն ամբողջությամբ մնում հայկական կողմին

Միայն Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակի դեպքում էր Բերձորի շրջանն ամբողջությամբ մնում հայկական կողմին

Միայն Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակի դեպքում էր Բերձորի (Լաչին) շրջանն ամբողջությամբ մնում հայկական կողմին։ 
Իսկ Ռոբերտ Քոչարյանի բանակցած Քի Վեսթյան տարբերակում դա լինում էր միջանցք, որի դիմաց մենք նույնչափ հատված տալիս էինք Ադրբեջանին։ Այս մասին 1in.am-ի տաղավարում նշում է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը

Իսկ aliqmedia.am-ում Հակոբյանը մանրամասնում է.

Օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքը եւ Բերձոր (Լաչին) քաղաքն ու Աղավնո գյուղն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղավնոյի եւ Բերձորի կորստի մասին այսօր ամենաբարձրը խոսում եւ մտահոգվում են նրանք, ովքեր 1997 թվականին ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը համարեցին անընդունելի, պարտվողական, դավաճանական… որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու թիմը «ծախում են Արցախը»:

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում դա միակ առաջարկն էր, որով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Լաչին՝ Բերձոր քաղաքը, այլեւ շրջանն ամբողջությամբ՝ 1835 քառակուսի կիլոմետր:

1997 թվականից մինչեւ 2007-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին ներկայացրել է կարգավորման 5 առաջարկ: Ինչպե՞ս էր լուծվում Լաչինի եւ միջանցքի հարցը առաջարկներից յուրաքանչյուրում:

1997 թվականի փաթեթային տարբերակ
Այս տարբերակում, որ մերժել է հայկական կողմը, քանի որ ԼՂ-ն համարվում էր «պետական եւ տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում», գրված է. «Ադրբեջանը Լաչինի միջանցքը վարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի միջանցքը բացառապես ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու մասին»:

«ԵԱՀԿ-ն հետեւում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը, որի ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Դա վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո, եւ նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ: Միջանցքում չեն թույլատրվում մշտական բնակավայրերը եւ զինված ուժերը` բացառությամբ անվտանգության ուժերի թույլատրված քանակի»,- գրված է փաթեթային առաջարկում:

1997 թվականի փուլային տարբերակ

«ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988 թվականի սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի»,- գրված է փուլային առաջարկում:

Ադրբեջանը համաձայնել էր կարգավորման այս առաջարկին, քանի որ այն Արցախի կարգավիճակի հարցը թողնում էր անորոշ ապագային:

Փուլային առաջարկով հայկական վերահսկողությունը տարածվում էր նախկին ԼՂԻՄ-ի 4,4 հազար քառակուսի կիլոմետր եւ Լաչինի շրջանի 1835 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ընդհանուր ավելի քան 6,2 հազար քառակուսի կիլոմետր, այն է՝ կրկնակի ավելի, քան այսօր մնացել է Արցախից:

1998 թվականի Ընդհանուր պետության առաջարկ

Այս առաջարկով Լեռնային Ղարաբաղը դառնում էր «հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ կազմավորում «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Լաչինի միջանցքի մասին գրված է հետեւյալ պարբերությունը. «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով ԼՂ-ի կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Ադրբեջանի եւ ԼՂ-ի համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ: Լաչինի շրջանը մշտապես պետք է մնա լիովին ապառազմականացված գոտի»:

Քի Վեսթ

2001 թվականի Քի Վեսթի առաջարկը, որ մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման 1999 թվականի Մեղրիի տարբերակի վրա, չի գաղտնազերծվել եւ մամուլում չի հրապարակվել: Հայտնի է, սակայն, որ այդ առաջարկներով ԼՂԻՄ-ը Լաչինի միջանցքով դառնում էր Հայաստանի տարածք, իսկ Նախիջեւանը Մեղրիի նեղ շերտով՝ սուվերեն անցումով, միացվում էր Ադրբեջանին: Լաչինի միջանցքի չափով ԼՂԻՄ-ից տարածք էր փոխանցվելու Ադրբեջանին:

Մադրիդյան եւ դրանից ածանցյալ առաջարկներ

2007 թվականին ԵԱՀԿ Մադրիդի գագաթնաժողովում Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթ՝ կազմված 14 կետերից:

«Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»,- գրված է Մադրիդյան տեքստում:

1997-1998-ից հետո Հայաստանի եւ Արցախի իշխանությունները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դրեցին ձգձգումն ու սառեցումը, որն ավարտվեց 2020-ի 44-օրյա հայկական աղետով: