«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Արքայական գաղափարախոսության և իշխանության օրինակարգության հայեցակարգը Կիլիկյան Հայաստանում

Լևոն Տեր-Պետրոսյան. Արքայական գաղափարախոսության և իշխանության օրինակարգության հայեցակարգը Կիլիկյան Հայաստանում

(Ընթերցող լայն հասարակության համար նախատեսված այս հոդվածը քաղված է հեղինակի «Խաչակիրները եւ հայերը» գրքի 2-րդ հատորից («Փրինթինֆո», Երեւան, 2007, էջ 45–62): Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով բաց են թողնված բնագրերի գրաբարյան աղբյուրների հղումները, որոնց հետաքրքրասեր ընթերցողները կարող են ծանոթանալ նշված էջերի տողատակյա ծանոթագրություններում։)

Սույն հոդվածում քննարկվող խնդիրները հանգամանորեն արծարծված են կիլիկյան շրջանի հայ մատենագրության երկու ինքնատիպ հուշարձաններում։ Դրանք են՝ ΧΙΙΙդ. նշանավոր վարդապետներ Վահրամ Րաբունու «Բան ի Յայտնութիւն Տեառն» եւ Հովհաննես Երզնկացու «Ի բանն Առաքելոյ» ճառերը՝ գրված համապատասխանաբար Լեւոն Գ (ΙΙ) թագավորի օծման (1271թ.) եւ Հեթում ու Թորոս արքայազների ասպետակարգության (1283/4թ.) առթիվ։ Այդ մեծարժեք աշխատությունները թեեւ վաղուց գրավել են հետազոտողների ուշադրությունը, բայց առայժմ լուրջ մասնագիտական քննության չեն ենթարկվել։ Նկատի ունենալով տվյալ իրողությունը, ինչպես նաեւ նշված երկերից մեկի անտիպ լինելու պարագան, հարկ ենք համարում ստորեւ հանգամանորեն ներկայացնել նրանց բովանդակությունը։ Դժվար չպիտի լինի նկատել, որ Րաբունու եւ Երզնկացու ճառերը, հիմնված լինելով ընդհանուր աղբյուրի՝ Աստվածաշնչի վրա, ունեն բազմաթիվ նմանություններ ու նույնիսկ բնագրական աղերսներ։ Սա նշելով հանդերձ, մենք նպատակահարմար ենք գտնում, թեկուզ երբեմն կրկնվելու գնով, այդ հուշարձաններին անդրադառնալ առանձին-առանձին՝ նրանց մասին ընթերցողին, հնարավորության սահմաններում, ճիշտ եւ լիակատար պատկերացում տալու նկատառումով։

Րաբունու ճառը, որը վերնագրված է «Վահրամայ վարդապետի, ատենադպրի Լեւոնի արքայի՝ Բան ի Յայտնութիւն Տեառն եւ յօծումն Լեւոնի Գ. արքայի», բաղկացած է երկու անհավասար մասից։ Առաջինն ամբողջությամբ նվիրված է Քրիստոսի Հայտնության խորհրդի մեկնությանը եւ պատմական առումով որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Իսկ երկրորդ, կրկնակի ավելի ընդարձակ մասի քննության առարկան թագավորության (պետության) գաղափարն է՝ լուսաբանված գլխավորապես Աստվածաշնչի, բայց նաեւ պատմության փաստերի հիման վրա։ Ներկայացնելով իր ծրագիրը, հեղինակն այն ձեւակերպում է հետեւյալ բառերով. «Բե՛ր, ուրեմն, փոքր ինչ յաղագս թագաւորութեան խօսեսցուք յԱստուածաշունչ Գրոց. նախ առաջին քննելով թէ զի՞չն է թագաւորութիւն, եւ ապա՝ թէ ո՞վ է առաջին թագաւոր, երրորդ՝ թէ յորմէ՞ հետէ եւ կամ զի՞արդ սկսաւ թագաւորութիւն ի մարդիկ, եւ չորրորդ՝ թէ զի՞նչ են կարգ եւ իրաւունք թագաւորի»։

Այնուհետեւ, խստորեն հետեւելով իր նախանշած ծրագրին, Վահրամ Րաբունին տալիս է թագավորության, ավելի ճիշտ՝ թագավորի պարտականությունների սահմանումը, այն է՝ իշխել իրեն վիճակված երկրի ու նրա բնակիչների վրա, չափավոր հարկեր գանձել նրանցից ու ապահովել նրանց բարօրությունը, վանել արտաքին թշնամիներին կամ նրանց հետ խաղաղություն հաստատել, հպատակների նկատմամբ օրենքով եւ իրավունքով վարվել, արժանավորներին պատիվներ շնորհել, իսկ չարագործներին պատժել, չվարակվել մեծամտության ախտով եւ իրեն Աստծու թագավորության սպասավոր դիտել. «Թագաւորութիւնն է, ըստ ուղիղ բանին, ի վերայ աշխարհի որ իւր է վիճակեալ եւ ի նմա բնակելոցն իշխել, արդարացի հարկս եւ իրաւունս ի նոցանէ առնուլ եւ զնոսին ի հաստատութեան պահել, արտաքին թշնամեացն քաջութեամբ պատերազմաւ յաղթել եւ կամ հաշտութեան հնարիւք զխաղաղութիւն ողջունել, եւ զամենայն ինքեան հնազանդեալսն առանց իրիք պատճառի յօրէնս եւ յիրաւունս անլուծանելի ունել, բարեգործացն գովութիւնս եւ պատիւս շնորհել եւ չարեացն եւ որք արտաքոյ օրինացն արշաւիցին՝ տանջանս եւ պատիժս հասուցանել, ո՛չ երեւելի փառօք բարձրամտեալ, այլ սպասաւոր Աստուծոյ թագաւորութեանն զինքն նկատել»։ Չբավարարվելով այս նկարագրական ձեւակերպմամբ, Րաբունին հարկ է համարում տալ նաեւ նույնի փիլիսոփայական սահմանումը. «Եւ գլխաւորելով ասասցուք. թագաւորութիւն է՝ որ իշխէ զբազումսն, եւ զբաժանեալսն ըստ անձանց եւ ըստ արուեստից, նաեւ ըստ բարուց եւ թէ դէպ լիցի ըստ կրօնից՝ բարեպաշտութեամբ եւ իմաստութեամբ ի խաղաղութիւն եւ ի բարեկարգութիւն նուաճել. եւ այս է սահման թագաւորի»։

Անցնելով իր ծրագրի երկրորդ կետին, որի քննության առարկան իշխանության «օրինակարգության» աղբյուրն է, Վահրամն առաջին եւ միակ իրական թագավոր է համարում Աստծուն. «Յետ այսորիկ խնդրելի է թէ ո՞վ է առաջին թագաւոր։ Արդ վերագոյն այս սահմանի եւ եւսեւ քան զոր կարեմք իմանալ եւ ճառել. ո՞ այլ ոք առաջին թագաւոր, բայց եթէ երանականն եւ փառաւորեալ Սուրբ Երրորդութիւնն երկրպագեալ ի մի Աստուածութեան եւ Տէրութեան, ըստ մարգարէին թէ՝ Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է, որ առ ի յինքեան բարերարութենէ արարչագործելոցն իշխէ առ հասարակ վերնոցն եւ ներքնոցն»։ Ինչ վերաբերում է մարդկային թագավորությանը, ապա, ըստ Րաբունու, այն սկսվում է արարչագործությունից, երբ Աստված մարդուն թագավոր է կարգում մնացյալ արարածների վրա. «Տեսցուք թէ յորմէ՞ հետէ կամ զի՞արդ ի մարդիկ սկսաւ թագաւորութիւն։ Ի սկիզբն մարդկութեան շնորհեցաւ նմա այս պատիւ. Զի արար Աստուած զմարդն ի պատկեր իւր, ըստ պատկերի Աստուծոյ արար զնա եւ օրհնեաց զնոսա եւ ասէ՝ Իշխեցէ՛ք ձկանց ծովու եւ թռչնոց եւ անասնոց ամենայնի որ ի վերայ երկրի, եւ այսպէս թագաւորեցոյց զնա երեւելի արարածոց ընդ թագաւորութեամբ իւրով հնազանդիլ»։ Այնուհետեւ խախտելով Աստծու պատվիրանները, մարդիկ զրկվեցին այդ պատվից, եւ նրանցից ոմանք թագավորեցին իրենց համազգիների վրա, ինչը հանդուրժվեց Աստծու կողմից, քանի որ բարեպաշտ նահապետներն, ի տարբերություն բռնակալների, ճանաչելով երկնային թագավորությունը, խուսափեցին իրենց թագավոր հռչակել. «Եւ յառաջանալ ժամանակին թէպէտ ազգ մարդկան իշխէին զգալեացս ամենայնի, սակայն ոչ որպէս ի սկզբանն պարգեւեցաւ նոցին, այլ դաւեալք եւ դաւաճանեալք հնազանդելոցն, եւ վեր եւ ի վայր Տեառն խառնակեալք։ Վասն որոյ յորս մնաց կայծակն բարեպաշտութեան, թէպէտ եւ տիրեցին ազգաց, ո՛չ երբէք թագաւորական անուամբ բարգաւաճեալք պանծային, այլ զանձինս ի չափ ունէին որպէս Աբրահամ եւ որ յառաջ քան զնա նահապետքն՝ Նոյ, Ենովք, Սէթ եւ Ենովս։ Իսկ այլք ոմանք յաղագս կուրութեանն որ էր ի նոսա՝ իշխեցին ասել զինքեանս թագաւոր յաղագս ամբառնալոյն ի վերայ համազգեացն։… Իսկ ազգն եւ ժողովուրդն Աստուծոյ թէպէտ յամենայն տեսակս մեղաց խոտորէին, այլ յայսմիկ առաւել եւս զգուշանային՝ Աստուծոյ միայնոյ շնորհելով զթագաւորութիւն եւ զիշխանութիւն, ինքեանք հովուելով ժողովրդեանն,… վասն որոյ ախորժելի էր այս եւ հաճեալ էր ընդ սոյն, քանզի համազօր էր մտածութիւնս այս սկզբնաւորական պատւոյ թագաւորութեան, զոր շնորհեաց մարդոյն տիրել արարածոց եւ լինել ի ներքոյ թագաւորութեան Աստուծոյ, եւ զնա միայն ճանաչել թագաւոր»։

Աստծու կամեցողությամբ գահակալած առաջին թագավորը Դավիթն է. «Ինքն կամեցաւ տալ նոցա թագաւոր, եւ ետ զԴաւիթ որդի Յեսսեայ՝ ըստ աստուածային կամաց իւրոց թագաւոր»։ Ըստ այդմ, թագավորները լինում են երկու տեսակի՝ Աստծու կողմից կարգվածներ եւ մարդկանց ձեռքով դրվածներ. «Զի այլ է թագաւորն՝ որ յԱստուծոյ, եւ այլ՝ որ ի մարդկանէ»։ Աստծու կողմից կարգված են համարվում միայն Դավթի ճանապարհով ընթացող թագավորները. «Վասն այսորիկ զԴաւիթ ըստ կամաց իւրոց գտեալ թագաւորեցոյց, զի եղիցի նա հայր եւ օրինակ թագաւորաց բարեպաշտութեամբ եւ ամենայն բարեգործութեամբ։ Զի որք ըստ նորայն շաւղաց գնասցեն, ոչ են ի մարդկանէ թագաւորք, այլ յԱստուծոյ կարգեալք եւ ի ներքոյ ամենակալ թագաւորութեամբ նորա նուաճեալք»։ Իսկ ամբարիշտների գահակալման փաստի հարուցած դժվարությունը Րաբունին հաղթահարում է հորինելով հետեւյալ հայեցողական (սպեկուլյատիվ) պատասխանը, այն է՝ Աստված դա հանդուրժում է իր կամքը կատարելու, մեղավորներին պատժելու եւ երբեմն նաեւ նրանց ձեռքով բարություն գործելու նպատակով. «Գիտելի է, զի ոչ միայն զբարեպաշտսն, այլ եւ զոմանս ի հեթանոսաց վասն կատարելոյ զկամսն Աստուծոյ, եւ վասն յագեցուցանելոյ բարկութեան զսրտմտութիւն նորա ի մեղուցեալսն, եւ եւս վասն բարութիւնս ոմանց առնելոյ՝ ինքեամբ ասէր զթագաւորելն նոցա, որպէս վասն Կիւրոսի պարսկի»։ Հետեւաբար, թեեւ միայն բարեպաշտներն են, որ Աստծու կողմից թագավոր են կարգվում, բայց ամբարիշտների գահակալումը նույնպես հակառակ նրա կամքի տեղի չի ունենում. «Զի թէպէտեւ բարեպաշտքն նովաւ թագաւորեալք, այլ ոչ եթէ ամբարիշտքն ընդդէմ եւ հակառակ նմա իբր թէ ինքեանց զօրութեամբ յայն վիճակեալք եւ բռնակալեալք, այլ ի նորին թոյլ տալոյ, վասն իրիք տնօրէնութեան»։

Րաբունու ճառի հաջորդ թեման թագավորի կարգավիճակի, վարքի, գործերի եւ իրավունքների քննությունն է. «Եւ մնայ մեզ պատմել այսուհետեւ զկարգ եւ զկենցաղավարութիւնն եւ զգործ եւ զիրաւունս թագաւորի»։ Ըստ նրա՝ թագավորը պետք է օժտված լինի հետեւյալ առաքինություններով. «Պարտ եւ արժան է պսակիլ թագաւորի բարեպաշտութեամբ, խոնարհութեամբ, հեզութեամբ, իմաստութեամբ, զգաստութեամբ, արդարութեամբ, ճշմարտութեամբ»։ Թվարկված առաքինությունների շարքում հեղինակը գլխավորն է համարում բարեպաշտությունը. «Նախ իբրեւ զհիմն ինչ պիտանի է թագաւորի բարեպաշտութիւն, որ առաւել թագապաճոյճ կազմէ զնա քան զականս պատուականս»։ Թագավորի գլխավոր առաքինությունը լինելու՝ բարեպաշտության պարագան ենթադրում է, որ նա պետք է հեռու մնա կռապաշտությունից, այն է՝ աստղագիտությունից (աստրոլոգիայից) եւ հմայություններից. «Հարկ է թագաւորի եւ ամենայն առն բարեպաշտի՝ յախտէս յայսմանէ ի բաց կալ. նախ յաստեղագիտութենէ, եւ յայնպիսեացն հմայողաց»։ Կարեւոր ենք համարում առանձնացնել նաեւ թագավորի արդարադատությանը վերաբերող Րաբունու դիտարկումը, որի համաձայն՝ քանի որ մարդկանց դատաստանը սուբյեկտիվ (կարծողադատ) եւ կասկածելի (կասկածավճիռ) է, ապա այն մանրազնին քննություն եւ համբերություն է պահանջում. «Զի թագաւոր որ խնդրէ ի հաստատութեան կալ, զհետ երթիցէ արդար դատաստանի եւ ուղիղ իրաւանց։ … Մի՛ հակիրճ եւ համառօտ առնել զիրաւունս՝ յաղագս ձանձրութեան եւ կամ յաղագս հատու եւ սուր երեւելոյ, քանզի զայս ոչ վայել է մարդկան առնել, որոց կարծողադատ եւ կասկածավճիռ է ատեան դատաստանին, այլ մեծապէս քննութեամբ եւ աշխատասիրաբար հասու լինել»։ Ավելորդ չէ նշել, որ հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է նաեւ թագավորի վերը թվարկված մյուս առաքինություններին՝ խոնարհությանը, ողորմածությանը, ճշմարտաբանությանը եւ այլն։

Եթե մինչ այժմ շարադրվածում թագավորական իշխանությունը եւ թագավորի ինստիտուտը պատկերանում են համաքրիստոնեական ընկալմամբ, ապա Րաբունու աշխատության շարունակության մեջ ի հայտ են գալիս նաեւ Կիլիկիո իրականության անմիջական արտացոլումը հանդիսացող պատմական ուշագրավ տարրեր։ Այսպես, նկատի ունենալով իշխանների անհավատարմության ու անմիաբանության դրսեւորումները, հեղինակը հաստատում է, որ երկրի կայունությունը կախված է ոչ միայն թագավորի, այլեւ նրանց բարի վարքից եւ աննախանձոտությունից. «Ի հաստատութիւն աշխարհի՝ ընդ թագաւորի գեղեցկութեան եւ լաւութեան պիտանացու է եւ իշխանացն բարիոք գոլն։… Վասն որոյ ըստ օրինի թագաւորի ամենայն բարիոք ճանապարհի եւ գործառնութեան նախանձաւորք լինիցին՝ նախ բարեպաշտութեամբ առ Աստուած պայծառանալ, որպէս զի հաւատարմութեամբ երկնաւոր թագաւորին՝ հաստատուն երեւեսցի հաւատարմութիւն երկրաւորս թագաւորի։… Նոյնպէս պարտ է նոցին խոնարհութեամբ եւ ամենայն առաքինութեամբ զարդարուն եւ բարեձեւ երեւիլ, մանաւանդ սէր սերտ ունիլ առ թագաւորն եւ առ միմեանս։ Մի՛ նախանձ ընդ չարսն եւ ընդ յառաջադիմութիւն իրերաց, եւ մի՛ մախանօք այրիլ, զիրեարս խածատել, եւ ի միմեանց սատակիլ։ Զի այս ախտ յոլովագոյն գտանի առ նոսին, առաւելապէս յորժամ զընկեր պատուեալ տեսանիցեն»։

Պետական պաշտոնյայի հանգամանքով ներսից ծանոթ լինելով արքունիքում տիրող բարքերին, Րաբունին նաեւ խորհրդի կարգով թագավորին հորդորում է հավատ չընծայել չարախոսություններին, քանի որ հակառակ պարագայում դա կարող է նպաստել այդ արատավոր երեւույթի տարածմանը։ Ուստի թագավորից պահանջվում է նման դեպքերում եզրակացություններ անել միայն չարախոսություններն ու ամբաստանությունները համակողմանի քննելուց եւ վկաներով հաստատելուց հետո. «Ոչ է պարտ թագաւորի ի լսելն միայն հաւատալ չարախօսութեան, այլ յոյժ քննել որպէս եւ Աստուած զինքն օրինակ եդ դատաւորացն՝ քննելով զՍոդոմայեցիսն։ Զի թէ թագաւոր սիրէ զառունկնաճառս եւ զարս մատնիչսն, յայն աճեն մարդիկ եւ զնոյն միշտ առնեն։… Այլ ի լսելն զհակառակութիւն զմիմեանց, երկայնմտութեամբ եւ հեզութեամբ լուիցէ, եւ բազմօքն քննեսցէ եւ վկայիւքն ստուգեսցէ, այլ եւ աղօթիւք խնդրեսցէ ի Տեառնէ զյայտնութիւն իրին»։

Վահրամ Րաբունու շեշտված պետական մտածողության արտահայտությունը պետք է համարել նաեւ այն, որ նա, հոգեւորական լինելով հանդերձ, եկեղեցին ինչ-որ առումով ստորադասում է պետությանը։ Հոգեւորականներին որոշակի դեր հատկացնելով թագավորին հավատի եւ ուղղության սահմաններում պահելու գործում, Վահրամն, այնուամենայնիվ, ընդգծում է, որ նրանց հիմնական խնդիրը պետության նկատմամբ ժողովրդի պարտավորությունների կատարման ապահովումն է. «Իսկ եկեղեցական դասուց արժան է զաստուածային օրէնս ի ժամու եւ ի տարաժամու յունկն թագաւորի լսեցուցանել, անպատկառ եւ անակնառու ի սահման թագաւորական զնա յորդորել, եւ զաշխարհ ի նոցին հնազանդութիւն յորդորել, ուսուցանել ծառայել մարմնաւոր տեառն որպէս Աստուծոյ, եւ զամենայն հարկս եւ զիրաւունս առանց տրտնջման յարքունիս վճարել։ Այլ եւ ինքեանք նոքօք հանդերձ արասցեն աղօթս եւ պաղատանս աշխարհի եւ թագաւորի՝ պարագայց ամօք մնալ ի խաղաղութեան»։

Պատմական առումով Րաբունու աշխատության ամենաուշագրավ արժանիքը, սակայն, պետք է համարել այն, որ նա առանձնահատուկ կարեւորություն է ընծայում գահաժառանգության իրավունքին՝ իշխանության «օրինակարգությունը» դիտելով որպես պետության կայունության երեք գլխավոր գործոններից մեկը, թագավորի բարեպաշտության եւ իմաստուն ղեկավարության կողքին. «Բայց գիտել արժան է, զի են երեք իրք, որ հաստատուն պահեն զթագաւորութիւն։ Առաջինն այս, զոր գրեցաքս՝ բարեպաշտութիւն հաւատոյ եւ ուղղութիւն գործոց. եւ երկրորդ՝ սեռական եւ հայրենեօք իրաւացի ի նախնեաց ունել զթագաւորութիւն. եւ երրորդ՝ իմաստութեամբ եւ խոհականութեամբ վարել զնոյն»։ Այս ընդհանուր դրույթից անցում կատարելով օրվա նյութին, այն է՝ Լեւոն Գ (ΙΙ)‑ի թագադրությանը, հեղինակն իրավաբանի բծախնդրությամբ հիմնավորում է նրա գահակալման օրինականությունը՝ շեշտը դնելով հատկապես Ռուբինյանների արքայական ծագման ու ազգաբանության, ինչպես նաեւ Լեւոնի՝ Զապել թագուհու որդին լինելու հանգամանքի վրա. «Պսակաւորս Լեւոն, որպէս զի լինել սմա ըստ իշխանութեան տասներորդ ի Ռուբենայ, եւ ըստ ծննդաբանութեան եօթներորդ՝ թուելով զայս ձեւ օրինակի. իշխան Ռուբէն, իշխան Կոստանդին, իշխան մեծն Թորոս՝ Պռաւօտոս Սեւաստոսն կոչեցեալ, իշխան Լեւոն, իշխան Թորոս, իշխան Մլեհ, իշխան Ռուբէն, թագաւոր Լեւոն, Զապէլն թագուհի. իսկ ըստ ծննդենէ սա որդի Զապելի՝ դստեր Լեւոնի արքայի, որդւոյ Ստեփանէի, որդւոյ Լեւոնի, որդւոյ Կոստանդեայ, որդւոյ Ռուբէնի՝ ի շառաւեղէ Գագկայ յազգէ Բագրատունւոյ, ի ցեղէն մեծին Դաւթի թագաւորի եւ մարգարէի»։ Այսպիսով, Խորենացու հաստատած ավանդույթի համաձայն, Բագրատունիներին վերագրելով հրեական ծագում, Րաբունին Լեւոն Գ (ΙΙ)‑ին համարում է Դավիթ մարգարեի շառավիղը, հետեւաբար՝ Աստծու կողմից կարգված թագավոր։ Այս առանցքային գաղափարի հաստատումն անելուց հետո Վահրամը, հավուր պատշաճի, իր ճառն ավարտում է նորընծա թագավորին նվիրված վերամբարձ ներբողյանով։

Ի տարբերություն Վահրամ Րաբունու, որը, փիլիսոփա լինելով, հակված է հստակ գիտական սահմանումների, Հովհաննես Երզնկացու խնդրո առարկա ճառն աստվածաբանական-բարոյախոսական քարոզ է հիշեցնում՝ հարազատ նրա նախընտրած խրատական բնույթի աշխատություններին։ Մաշտոցի անվան Մատենադարանի Թ. 2173 ձեռագրում այն կրում է հետեւյալ ընդարձակ խորագիրը. «Նորին Յովհաննու վարդապետի ասացեալ՝ Ի բանն Առաքելոյ, որ ասէ՝ Ամենայն անձն որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ. յաւուրն յորում աւրհնեցան ձիաւորք արքայորդիքն մեր Հեթում եւ Թորոս, եւ այլ մանգունք իշխանաց, եւ որք յարքունական սպասաւորացն»։ Այսպիսով, եթե Վահրամ Րաբունու աշխատության հորինման ժամանակը թվագրվում է օրվա ճշտությամբ (1271 թ. հունվարի 6), ապա Երզնկացու ճառի պարագայում՝ տարվա կտրվածքով (1283 թ. հունվ. 10 – 1284 թ. հունվ. 9), քանզի հայտնի է, որ Հեթումն ասպետ է կարգվել այդ թվականին. «Գրեցաւ գիրս… ի թուականիս Հայոց ՉԼԲ (=1283/4),… յորում ամի բարենշան եւ բարեպաշտ անդրանիկ որդին արքայիս մերոյ պարոն Հեթում զձիաւորութեան աշտիճան ընկալաւ»։

Հովհաննես Երզնկացու ճառում արծարծված հարցերը կարելի է դասակարգել երեք խմբի. առաջին՝ իշխանության «օրինակարգության» աղբյուրը, երկրորդ՝ իշխանություններին հնազանդվելու անհրաժեշտությունը եւ երրորդ՝ իդեալական իշխանի կամ թագավորի նկարագիրը։ Առաջին եւ երրորդ բաժինների բովանդակությունը, մանրամասներն ու նրբերանգները հաշվի չառած, ընդհանուր առմամբ համընկնում է Վահրամ Րաբունու աշխատության բովանդակությանը։ Բոլորովին այլ է իշխանություններին հնազանդվելու հարցին նվիրված բաժնի պարագան, որը, լինելով Երզնկացու ընտրած սուրբգրական բնաբանի (Հռովմ. ԺԳ, 1) լուսաբանությունը, բնականաբար, դարձել է նրա ճառի գլխավոր թեման։ Թեեւ թեմաների բաժանումը հեղինակի կողմից հստակորեն համակարգված չէ, մենք նպատակահարմար ենք գտնում, թեկուզ նրա շարադրանքի հաջորդականության խախտման գնով, նշված հարցերը ներկայացնել առանձին-առանձին։

Երզնկացու պատկերացմամբ, ինչպես Րաբունու պարագայում, իշխանության աղբյուրն Աստված է, որը լինելով միակ իրական թագավորը, իր կամեցողությամբ իշխանություն է շնորհել մարդկանց. «Զի նա միայն է ամենայնի թագաւոր եւ իշխան, ըստ այնմ՝ Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է» եւ «Աստուած… իշխանութեանն է տուող»։ Իշխաններն, ըստ այդմ, նրա կողմից են կարգված. «յԱստուծոյ են ընտրեալ եւ եդեալ ի գլուխ ժողովրդոց»։ Գոյություն չունի որեւէ այլ իշխանություն, որն Աստծուց չբխի. «ՅԱստուծոյ են կարգեալ նոքա. զի ոչ ուստեք է, ասէ, իշխանութիւն, եթէ ոչ յԱստուծոյ»։ Հետեւաբար, երկրավոր թագավորությունն ստեղծվել է երկնային թագավորության նմանողությամբ. «Թագաւորութիւնս երկրաւոր՝ զերկնաւոր եւ զանմահ թագաւորութեանն ցուցանէ զնմանութիւն։ … Վասն որոյ բարեպաշտ եւ աստուածասէր թագաւորք քրիստոնէից զպատիւ պաղատանն իւրեանց յօրինեալ կազմեցին ի տիպ եւ ի նմանութիւն արքայարանին վերին»։

Այս հարցում, սակայն, Երզնկացին կանգնած է միեւնույն դժվարության առջեւ, որին, ինչպես տեսանք, բախվել է նաեւ Վահրամ Րաբունին, այն է՝ եթե իշխանության միակ աղբյուրն Աստված է, ապա ինչպե՞ս բացատրել չարագործ իշխանների եւ բռնակալների գոյությունը. «Զի՞նչ խօսիս, ո՛վ աստուածային Առաքեալ,– ճարտասանում է մեր հեղինակը,– մի՞թէ ամենայն իշխան յԱստուծոյ ձեռնադրի. զի ահա բազումք անիրաւութեամբ, յափշտակութեամբ, զրկանօք եւ յափշտակելով ընբռնեալ ունին զիշխանութիւնս»։ Այնուհետեւ պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին, նա բացատրում է. Աստված, որպես բանական բնության հայր, հոգածու լինելով բոլորի, այդ թվում, չարագործների նկատմամբ, իշխանություն է տալիս նաեւ վերջիններիս, դրանով նախ՝ իր բարությունը ցուցադրելու, երկրորդ՝ չարագործներին ուղղելու եւ երրորդ՝ անօրեններին պատժելու ու արդարներին փորձելու համար. «Եւ Աստուած, զի բանական բնութեանս հայր է, ամենեցուն խնամ տանի՝ չարաց եւ բարեաց, տա՛ իշխանութիւն չարացն. առաջին՝ զի բարի է բնութեամբ Աստուած,… երկրորդ՝ զի թերեւս այնու յուղղութիւն եկեսցեն» եւ «զի թէ անօրէն եւ խիստ է, ի խրատ անօրինաց եւ ի քննումն արդարոց տուեալ լինի»։ Հետեւաբար, եզրակացնում է Երզնկացին, անգամ բռնակալներն իշխանությանը տիրում են Աստծու կամքով. «Եւ յորս եւ իցեն, սակայն, Աստուծոյ հրամանաւն են», քանզի նրանց գոյությունն ավելի նախընտրելի է, քան անիշխանությունը. «Քանզի անիշխանութիւն ամենայն ուրեք չար է եւ պատճառք ոչ փրկութեան»։

Սա նշելով հանդերձ, Երզնկացին եւս, Րաբունու նման, տարբերություն է դնում Աստծու կողմից կարգված եւ մարդկանց ձեռքով հաստատված իշխանավորների միջեւ։ Ըստ նրա՝ միայն մաքուր հոգի եւ ազատ միտք ունեցողներն են, որ կարող են Աստծու կողմից կարգված թագավոր կոչվել, ինչը չի կարելի ասել մարդկանց կամքով դրվածների մասին. «Այլ որ զհոգի մաքուր ունի եւ միտս ազատս եւ անծառայելի, նա՛ է իշխան եւ թագաւոր ստուգապէս։… Զի ի մարդկանէ ձեռնադրեալքն անհաստատ են եւ անցաւորք, եւ ի վեր եւ ի վայր յեղյեղուն, ըստ բարուց եւ պատահարաց։ Իսկ Աստուծաւքն՝ հաստատունք են եւ մնացական, վասն որոյ այսպիսի իշխանութիւնք ստուգապէս են յԱստուծոյ»։

Ինչպես արդեն նշվեց, Հովհաննես Երզնկացու աշխատության գլխավոր թեման իշխանություններին հնազանդվելու առաքելական պատվիրանի հիմնավորումն է, ինչը նա փորձում է անել առավելապես աստվածաշնչական զուգահեռների, բայց նաեւ բանական (ռացիոնալ) դատողությունների օգտագործմամբ։ Ըստ նրա՝ իշխանություններին հնազանդվելու անհրաժեշտությունը նախ եւ առաջ թելադրված է այն առարկայական (օբյեկտիվ) իրականությամբ, որ ոմանք կոչված են իշխելու, իսկ ոմանք՝ հպատակվելու. «Զի ոմն իշխան լինել պարտ է, եւ ոմն ընդ իշխանութեամբ»։ Ուստի համակերպվելով այդ իրականությանը, հպատակները պարտավոր են անտրտունջ ենթարկվել իշխանություններին. «Որք ընդ ձեռամբ են իշխանութեանն, ախորժելով ընդունին եւ հնազանդին առանց ամենայն հակառակութեան»։ Մարդիկ այդ պարտավորությունը որպես նվաստացում չպետք է ընկալեն, այլ պետք է հասկանան, որ հնազանդվելով իշխանավորներին, նրանք հնազանդվում են Աստծուն, եւ ընդհակառակը, իշխանավորներին ընդդիմացողներն ընդդիմանում են Աստծուն. «Մի՛ ասիցեն հաւատացեալք, թէ անարգեցեր զմեզ եւ արհամարհելիս արարեր. որք զերկնից թագաւորութիւնն ընդունելոց եմք՝ հրամայես երկրաւոր իշխանաց հնազանդ լինել։ Եցոյց թէ ոչ իշխանաց, այլ Աստուծոյ հրամանին հնազանդիք։ Եւ հակառակօքն երկեցոյց, թէ որ ոչն հնազանդի նոցա՝ ընդ Աստուծոյ պատերազմի, որ զայս օրինադրեաց»։ Բացի այդ, հպատակները պետք է գիտակցեն նաեւ, որ իշխաններին հնազանդվելը բխում է իրենց իսկ շահերից. «Ընդ հնազանդութեամբ լինելով նոցա՝ ի շահ եւ յօգուտ իւրեանց է»։ Այդ շահն, ըստ Երզնկացու, կայանում է նրանում, որ բոլորն էլ կարոտ են իշխանի բարի եւ պիտանի գործերին. «Զի ամենեքեան կարօտ են իշխանին բարեացն եւ պիտանացուին», քանի որ նրանք, ստանձնելով աշխարհի հոգսը, իրենց ողջ եռանդը ծախսում են մարդկանց կյանքն ապահովելու ուղղությամբ. «Զամենայն աշխարհ հոգան, եւ զամենայն պարապմունս յայն ծախեն, զի մեր կեանք ամբողջ պահեսցին»։ Այդ իսկ պատճառով, ավելացնում է Երզնկացին, հնազանդությունը ոչ թե իշխաններին արված շնորհ պիտի դիտել, այլ պարտականություն. «Ոչ շնորհս ինչ առնեմք նոցա զհնազանդութիւնն, այլ պարտական իսկ եմք»։ Դրա հետ մեկտեղ բարոյախոս հեղինակը, բնականաբար, իշխաններին հորդորում է խստորեն չգործադրել իրենց իրավունքները եւ անչափ չհարստահարել իրենց հպատակներին. «Իսկ ընդ ձեռամբ անկեալսն բարեմտութիւն՝ ոչ խիստս եւ անողորմ բարուք լինել, եւ անողորմաբար եւ առանց ցաւակցութեան յայլոց քրտանց եւ յաշխատութեանց զլիութիւն սեղանոյ եւ զպճնումն հանդերձի առաւելուլ քան զչափն, զի մի՛ աղաղակ զրկելոց հասցէ յականջս Տեառն Զօրութեանց»։ Ավելորդ չէ նշել, որ ներկայացված բոլոր դրույթներն ամրապնդված են Աստվածաշնչից քաղված բազմաթիվ օրինակներով։

Իդեալական թագավորի կերպարը, որին նվիրված է խնդրո առարկա աշխատության երրորդ մասը, հեղինակին պատկերանում է հետեւյալ կերպ։ Նախեւառաջ թագավորը պետք է գիտակցի երեք ճշմարտություն՝ որ ինքն Աստծու իշխանության տակ է, որ նա մարդկանց իշխան է, եւ որ նրա իշխանությունը հավերժ չէ. «Առաջին՝ գիտելն թէ ընդ իշխանութեամբ Աստուծոյ է, երկրորդ՝ թէ իշխան մարդկան է, երրորդ՝ թէ ոչ միշտ իշխան է»։ Հանդիսանալով Աստծու պատկերը, թագավորն օժտված պետք է լինի հետեւյալ առաքինություններով՝ մեղմաբարոյությամբ, համեստությամբ, ճշմարտաբանությամբ, ճշմարտագործությամբ եւ առատաձեռնությամբ. «Եւ արդ զի ընդ իշխանութեամբ Աստուծոյ է, չորիւքս այսոքիւք պարտ է զիշխանութեանն Աստուծոյ զպատկեր եւ զնմանութիւն յանձին բերել. առաջին՝ զքաղցրութիւն բարուց, երկրորդ՝ խոնարհութիւն հոգոյ, երրորդ՝ ճշմարտութիւն բանից եւ գործոց, չորրորդ՝ առատութիւն ձեռին»։ Սրանք, անշուշտ, ինքնատիպությամբ առանձնապես աչքի չընկնող զուտ քրիստոնեական բարեշնորհություններ են՝ արտացոլված նաեւ բազմաթիվ այլ հեղինակների երկերում։

Սակայն Երզնկացու մոտ առկա են նաեւ միջնադարի կենսափորձից բխող պատմական բնույթի ուշագրավ դիտարկումներ, որոնք զգալիորեն մեծացնում են նրա աշխատության արժեքը։ Երկրի կառավարումն, ըստ նրա, նույնպիսի արվեստ, այսինքն՝ մասնագիտություն է, ինչպիսիք են մնացյալ բոլոր մասնագիտությունները. «Գիտել՝ եթէ արուեստ է իշխանութիւնն. զի եթէ փողք եւ քնարք եւ կաքաւիչք եւ այլ ամենայն արուեստք ժամանակաւ եւ աշխատութեամբ ուսեալ լինին, ո՛րքան մարդկան իշխանութիւն եւ վերակացութիւն»։ Հետեւաբար, թագավորը նույնքան հմուտ եւ արհեստավարժ պետք է լինի, որքան, օրինակ, նավավարը, բժիշկը կամ երաժիշտը. «Զոր օրինակ ոչ ասին նաւաստի կամ բժիշկ կամ երաժիշտ, որ ոչ են հմուտ այնոցիկ գիտութեան արուեստից. իսկ որ զղեակ նաւին հմտաբար ուղղէ, եւ զխառնուածս դեղոց եւ սպեղանեաց կազմէ, եւ զփողս եւ զքնար յարմարէ՝ նոքա՛ ասին նաւաստի եւ բժիշկ եւ երաժիշտ։ Այսպէս արուեստ իմն է բնական եւ իշխանութիւնն. որ անգէտն եւ անտեղեակ պիտոյից մարդկան, տգէտ համարելի է եւ գեղջուկ։ Բայց թագաւոր՝ միայն զհմուտն եւ զտեղեակ մարդկային օգտութեանց»։

Երզնկացու կողմից հստակորեն ձեւակերպված է նաեւ օրենքի գերակայության եւ իրավական պետության գաղափարը։ Քաղաքի, այսինքն՝ պետության կարգուկանոնի եւ շենության հիմքը կամ հոգին, նրա համոզմամբ, օրենքն է, ուստի եթե իշխանավորներն օրենսգետ եւ օրինապահ չեն, ապա վնասում են արդարներին ու անիրավների կողմից հարստահարված անմեղ մարդկանց. «Ի հարցանել ումեմն՝ «Զի՞արդ ազնիւ լինին քաղաքք եւ մնան ի շինութիւն», պատասխանէ ոմն իմաստուն՝ «Յորժամ իշխանքն հնազանդ լինին աստուածային օրինացն, եւ քաղաքացիքն իշխանացն»։ Եւ զի հոգի քաղաքաց օրէնքն են, զոր օրինակ մարմին մեռեալ է առանց հոգոյ, նոյնպէս բնակիչք քաղաքի՝ տկարք եւ աղքատք, մեռեալ են առանց իրաւանց օրինացն։ Քանզի բժիշկք օգնեն հիւանդաց, իսկ իշխանք օրինօքն՝ զրկելոց։ Եւ որպէս բժիշկք անիմաստք վնասեն հիւանդաց, նոյնպէս իշխանք, որք ոչ գիտեն զիրաւունս օրինացն եւ կամ ոչ պահեն, վնասեն զարդարս եւ զանմեղս՝ զզրկեալս յանիրաւաց»։ Ուստի դատաստան տեսնելիս, իշխանավորներից ու դատավորներից լիակատար անաչառություն եւ անկախություն է պահանջվում. նրանք չպիտի թույլ տան, որ ուրիշները միջամտեն արդարների օգտին կամ բարեխոսեն հանցագործների համար, այլ պետք է գործեն ինքնուրույնաբար, այլապես, օրինազանցներին չպատժելով, կնպաստեն հանցագործությունների տարածմանը. «Իշխանաց եւ դատաւորաց պարտ է այնպէս լինել, զի ոչ վասն արդարոցն աղաչիցին եւ ոչ վասն անիրաւաց բարեխօսեսցին։ Այսինքն ո՛չ է արժան կալ մնալ իշխանացն մինչ զի աղաչեսցեն եւ ապա բարի արանց եւ արդարոց արասցեն բարի, այլ յինքենէ պարտին շարժել, եւ ոչ վասն անիրաւացն բարեխօսիլ եւ ոչ խրատել ըստ յանցանացն, զի մի՛ այնու յուսով բազում յանցաւորք լինիցին»։ Իշխանավորը պարտավոր է հավասարապես արդարամիտ լինել արժանավորների եւ հանցագործների հանդեպ, առաջիններին արժանացնելով պատիվների, իսկ մյուսներին ենթարկելով պատժի. «Պատուել արժան է իշխանացն զարժանաւորսն։… Պատժել եւ պատուհասել արժան է իշխանացն զյանցաւորս, եւ ոչ սիրել եւ մերձաւորս առնել, եւ կամ թոյլ տալ գնալ ըստ ախորժակաց»։

Թագավորի պարտականությունն է վճռականորեն պայքարել արտաքին թշնամիների եւ իշխանության հակառակորդների դեմ. «Իշխանին պիտոյ (է)… յարտաքին թշնամիսն, այս է՝ զօտարսն եւ ի հակառակսն իշխանութեան համարձակապէս եւ հզօրաբար զօրս կազմել եւ պատերազմել»։ Դրա հետ մեկտեղ նա պետք է ճկուն քաղաքականություն վարի եւ կարողանա ճիշտ ընտրել պատերազմի եւ խաղաղության ժամանակը՝ երկրի փրկության համար չխորշելով անգամ որոշ զիջումներից. «Իշխանին պիտոյ (է)… զժամանակն ճանաչել պատերազմի եւ խաղաղութեան։ Զի թէ գիտէ, թէ ոչ կարէ մարտնչել, ըստ Տեառն խրատու նստեալ խորհիցի, թէ կարո՞ղ է ԺՌ (10000)-աւ զդէմ ունել այնմ, որ գայցէ ի վերայ նորա ԻՌ (20000)-աւ։ Ապա թէ ոչ՝ հրեշտակութիւն առաքեալ աղաչեսցէ ի խաղաղութիւն, է՛ զի եւ գանձս տացէ, զի վասն այնորիկ են գանձք, եւ ամենայնիւ հնարեսցի զփրկութիւն երկրի. եւ այսպէս յամենայն իրս ընդ փոփոխման ժամանակին հնարել եւ զհետ գնալ ժամանակին»։ Իշխանը, նույնն է թե թագավորը, պարտավոր է գիտակցել նաեւ, որ Աստծու կողմից սահմանված մարդկային անինքնաբավության պատճառով ի վիճակի չէ միայնակ կառավարել երկիրը, ուստի նա պետք է իրեն շրջապատի իմաստուն խորհրդականներով եւ չկարծի, թե ուղղություն տվողի կարիք չունի. «Պիտոյ է իշխանին խորհրդակից,… զի մարդ է մահկանացու եւ տկար, եւ Աստուած զմարդն ոչ ինքնաբաւ արար, այլ խրատտուի եւ խորհրդակցի կարօտ։ Պարտ է իմաստուն խորհըրդակցաւ վարել զիշխանութիւնն։ Յայս խոնարհամիտքն հանապազ ստիպին, իսկ վէսքն եւ անպարտաւանքն ո՛չ խոնարհին, այլ առ ինքեանս թագուցանեն, անկարօտ գիտելով զանձինս ուղղչի»։

Այսպիսով, Վահրամ Րաբունու եւ Հովհաննես Երզնկացու քննության ենթարկված աշխատություններում մենք գործ ունենք իշխանության «օրինակարգության» եւ արքայական գաղափարախոսության բավականին մշակված մի հայեցակարգի հետ, որն արտացոլում է ինչպես այդ հարցերի ընդհանուր քրիստոնեական ըմբռնումը, այնպես էլ հեղինակների իրավագիտակցության եւ կենսափորձի վրա հիմնված պատկերացումները։ Չնայած այդ նշանակալի հանգամանքին, նրանց երկերը մինչ այժմ նշված տեսանկյունից չեն գնահատվել։ Միակ բացառությունը բրիտանացի հայագետ Պ. Քաուիի՝ 1992 թվականին լույս տեսած «Թագադրման արարողության եւ արքայական գաղափարախոսության սկզբնավորումը Կիլիկիայում» հոդվածն է, որն առանձնանում է խնդրին վերաբերող մի շարք արժեքավոր դիտարկումներով։ Թեեւ ոչ ժամանակային, բայց մեթոդաբանական եւ տիպաբանական առումներով հիշատակության արժանի է նաեւ Գ. Սարգսյանի «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը եւ Մովսես Խորենացին» մենագրությունը, որի գլուխներից մեկը, վերնագրված՝ «Թագավորների եւ նրանց նախնիների պաշտամունքը հին Հայաստանում», նվիրված է արքայական գաղափարախոսության քննությանը։

Լևոն Տեր-Պետրոսյան