«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՄԻՊ. Պաշտպանի հասցեին ուղղված պաշտոնատար անձանց վիրավորական գրառումները կուղարկվեն դատախազություն

ՄԻՊ. Պաշտպանի հասցեին ուղղված պաշտոնատար անձանց վիրավորական գրառումները կուղարկվեն դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ  հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումներն կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։

1.  Նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել երեկվանից՝ 2021թ. մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։
Ընդ որում, Պաշտպանի երեկվա հայտարարությամբ ոչ թե նշվել են հնարովի, այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված ու տարիների միջազգային պրակտիկայով արմատավորված կանոններ, որոնք երաշխավորելու պարտավորություն ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետությունը:

2. Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:
Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ գրեթե դրանք բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ։

3. Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են  հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն ֆոնին, որ պաշտոնյաների կողմից նշված բնույթի գրառումներ արձանագրվել են նաև նախորդ մի քանի ամիսներին (օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչակակ  մարմնի պաշտոնատար անձ), և խնիրը ստանում է տևական բնույթ:
Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ:

4. Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

5.  Նշված անձինք պետք է բարձր պարտավորվածություն զգան սեփական վարքագծի նկատմամբ, ցուցաբերեն զսպվածություն և սեփական օրինակով նպաստեն համերաշխությանը ու ցույց տան բարձր հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

6. Նրանց այդ գրառումներն ու հավանումները խորքային սխալ քարոզով արդարացնում են հասարակությունում պաշտոնյայի, այն էլ հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության գործադրումը քաղաքացու նկատմամբ, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և պաշտոնյայի հանրային պատասխանատվության սահմանները:
Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ:
Ուստի, այդ անձանց նման արարքները բացարձակ դատապարտելի, իրենց կարգավիճակը խախտող երևույթներ են:

7. Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին:
Դա մեծապես նպաստել է Պաշտպանի հաստատության գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումներ տարածելուն:

8. Ցավոք, նշված բոլոր գրառումները վկայում են նաև այն մասին, որ դրանց հեղինակների մոտ առկա է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական  գործառույթների տարրական չիմացություն:
Ուստի, առաջիկայում կիրակացվի թիրախային իրազեկման արշավ Պաշտպանի սահմանադրական գործառույթների վերաբերյալ:

9. Հատուկ նորից հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պարտականությունն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում:
Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ:

10. Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից պահանջում է գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու և անհեռատես վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

11. Եվ վերջում. հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:

 

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան