«Սա միայնակ մարդու ապստամբությունն է հանրային անտարբերության ու պետական ցինիզմի դեմ»
Լուսինե Ավագյան անունով փաստաբանը դատի է տվել երկրի վարչապետին։ Ոչ թե քաղաքական հաշվեհարդարի, ոչ թե աթոռի կամ իշխանության համար, այլ ընդամենը իր ձայնի՝ այն միակ ու անձնական քվեի համար, որը համարձակվել է տալ ոչ թե իշխող կուսակցությանը, այլ մեկ ուրիշին։ Եվ դրա համար պետության ղեկավարի կողմից պիտակավորվել է որպես «կաշառքով քվեարկած»։
Մեր երկրում, որտեղ արդեն քանի տասնամյակ է՝ խոսքն էժանանում է ավելի արագ, քան դրամը, թվաբանությունն էլ պակաս յուրահատուկ չէ։ Սկզբում հայտարարվում է, որ բոլոր չընտրողները՝ 100 տոկոսով, ծախված են։ Հետո, երբ հասկանում են, որ սեփական ժողովրդի կեսից ավելիին հանցագործ ձևակերպելը մի փոքր ավելորդ է նույնիսկ ամենաթույլատրելի դեմագոգիայի սահմաններում, թիվը դառնում է 70 տոկոս։ Ու դա արվում է «աչքաչափով»։
Մենք աչքաչափով երկիր ենք պահում, աչքաչափով՝ սահման գծում, աչքաչափով էլ՝ մարդկանց ազնվությունն ու արժանապատվությունը չափում։ Եթե ինձ հետ ես՝ 100 տոկոսով ազնիվ ես, եթե դեմ ես՝ 70 տոկոսով ծախված ես։
Իսկ ո՞ւր մնաց այն մյուս 30 տոկոսը, որին «աչքաչափով» թույլ տվեցիք մաքուր մնալ։ Նրանցից ներողություն խնդրող եղա՞վ։
Այս ամենի մեջ ամենատխուրն ու միաժամանակ ամենածիծաղելին «սիրո և համերաշխության» այն լոլոն է, որով տարիներ շարունակ կերակրում են այս հասարակությանը։ Ինչպե՞ս կարելի է սիրել ժողովրդին ամբողջության մեջ, բայց ատել ու կասկածել նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին։ Ինչպե՞ս կարելի է սրտիկներ նկարել օդում, բայց իրականում մարդկանց բաժանել օրգանիկների ու անօրգանիկների։
Ստացվում է, որ մեր երկրում սերը լիմիտավորված է. այն բավարարում է միայն նրանց, որոնք «ճիշտ» քվեաթերթիկն են գցել քվեատուփը։ Մնացածի համար սիրո փոխարեն «աչքաչափով» չափված մեղադրանքներն են։
Լուսինեն պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում։ Բայց ոչ թե իր համար, այլ այն անօթևան ընտանիքների, ովքեր Արցախից տեղահանվել ու այսօր ապաստան են գտել իր հայրական տանը։
Ահա այստեղ է բախվում երկու տարբեր աշխարհընկալում․
- Մի կողմից՝ պետական բարձր ամբիոններից հնչող անդեմ, մեծ-մեծ հայտարարությունները, որոնք մարդկանց վերածում են վիճակագրական տոկոսների ու կաշառակերների զանգվածի։
- Մյուս կողմից՝ սեփական հայրական տան դռները բացած մի քաղաքացի, ով առանց ավելորդ աղմուկի, առանց տեսախցիկների ու «սրտիկների»՝ տաքացնում է հայրենազրկված հայրենակցի հոգին։
Սա է իրական Հայաստանը, որը լուռ տանում է իր ցավը ու թույլ չի տալիս, որ իր վերջին սրբությունը՝ սեփական կամքն ու պատիվը, հավասարեցնեն հողին։
Լուսինե Ավագյանի քայլը սովորական դատական հայց չէ։ Սա միայնակ մարդու ապստամբությունն է հանրային անտարբերության ու պետական ցինիզմի դեմ։ Ու եթե նույնիսկ մեր դատարանները հերթական անգամ «հանցակազմի բացակայություն» տեսնեն այնտեղ, որտեղ վիրավորված է կես միլիոնից ավելի մարդու արժանապատվությունը, Հայաստանի քաղաքացի Լուսինե Ավագյանն արդեն հաղթել է, որովհետև ցույց է տվել՝ այս երկրում դեռ կան մարդիկ, ում պատիվը չի չափվում ոչ աչքաչափով, ոչ էլ իշխանական քմահաճույքով։
Տեսանյութը՝ azatutyun.am-ի:


