«Փաշինյանի վերարտադրման մեղավորը Քոչարյանն է, իսկ Քոչարյանի՝ Փաշինյանը»

Խոսք 22.06.2021   14:57   405

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի հաղթանակը պայմանավորված չէր «նախկինների վերադարձի» գործոնով, և արդյո՞ք միասնական դաշինքով հանդես գալու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժելը չէր նույն պարտության պատճառը, Ռոբերտ Քոչարյանը պաստասխանել է, որ եթե այդ դաշինքը ստացվեր, ապա «նախկինների գործոնը» ավելի ազդեցիկ կլիներ: 

Քոչարյանը, փաստորեն, «գեղեցիկ» կերպով շրջանցում է այն կարևորագույն նախապայմանը, որն առկա էր Տեր-Պետրոսյանի առաջարկում:

Այդ առաջարկում գլխավոր նախապայման էր հանդիսանում այն, որ «նախկիններից» ոչ ոք չպիտի հավակնի պետական պաշտոնի: Այսինքն, Տեր-Պետրոսյանի առաջարկն, իրականում, ոչ մի կերպ «նախկինների վերադարձ» չէր կարող ընկալվել, առավել ևս՝ համեմատական կարգով: Տեր-Պետրոսյանի առաջարկի կայացումն արգելակելու էր ձայների մեծամասնությունը հավաքելու Փաշինյանի հնարավորությունը՝ չեզոքացնելով Քոչարյանի նկրտումները, ինչն էլ, ինքնըստինքյան, շատ ավելի լայն ժողովրդկան համախմբան հնարավորություն էր ստեղծելու:

Ի տարբերություն նման հեռանկարի, Քոչարյանը ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր ծայրահեղ անձնավորված և իր ժամանակների «ծաղկուն զարգացմանը» վերադառնալու մասին: 

Քոչարյանն առաջնորդվեց ոչ թե Փաշինյանին հեռացնելու նպատակադրմամբ, այլ անպայմանորեն, որպես Փաշինյանի այլընտրանք, սեփական «ես»-ը հրամցնելու մոլուցքով: Արդյունքում ստեղծված իրվիճակն աշխատեց բացառապես Փաշինյանի օգտին. հասարակության մի զգալի մասը, բառիս բուն իմաստով, սարսափած Քոչարյանի վերադարձի հեռանկարից, նույնիսկ ատելով Փաշինյանին, այնուամենայնիվ իրենց քվեն տվեցին վերջինիս:

Ըստ այդմ, Փաշինյանի վերարտադրման միակ մեղավորը Քոչարյանն է, իսկ Քոչարյանի նման «հաջողության» միակ պատասխանատուն՝ Փաշինյանը:

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, Հարութ Ուլոյան, ընտրություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon