Վանո Սիրադեղյան. Ո՞վ Քոչարյանին կհանձնի միջազգային դատարան

Խոսք 07.07.2020   22:05   1470

Վանո Սիրադեղյան

«Գյադաների ժամանակը»

«...Դառնանք, այնուամենայնիվ, բուն հարցին՝ ո՞վ է, որ չի հանձնի Քոչարյանին միջազգային դատարանին։

Սերժը կհանձնի առանց երկմտելու, որովհետեւ Հենրիկ Պողոսյանին հանձնելուց սկսել, վերջացրել է Վազգենով ու Սամվել Բաբայանով, այս մեկը ինչո՞ւ պիտի բացառություն լինի։ Նաեւ այն պատճառով, որ բենզինի ու թանկարժեք մետաղների փողերի մեծ մասը պահվում է, անշուշտ, ոչ Ռուսաստանում, այլ Ինտերպոլի լիազորությունների սահմաններում։ Եւ, հետեւաբար, միանշանակ խոսել Սերժի ռուսական կապվածությունների եւ այդ կողմից ապահով լինելու մասին չի կարելի։ Նրա միակ կապվածությունը փողն է, եւ որտեղ այն ապահով կլինի, այնտեղ էլ ապահովություն կփնտրի ինքը։ Եւ ուրեմն կհանձնի։ Դեռ մի բան էլ՝ բոլոր սպանությունները կդնի վզին։ Դաշնակցությունը չեմուչում կանի, բայց դրսում իրենց ջոջերից մեկնումեկին նարկոտիկի գործով կձերբակալեն, ստիպված կփոխանակեն Քոչարյանի հետ։ Նաեւ դաշնակցության սոցիալիստական ոգին չի ների Քոչարյանին, որ իրենց քաղաքական տանիքը 3 տարի, փաստորեն, օգտագործեց իր ու Սերժի շրջապատին հարստացնելու համար։

Կոմունիստները կհանձնեն ոչ միայն Քոչարյանին, այլեւ կնստեցնեն բոլորին, ովքեր 88 թվականից երեւացել են ասպարեզում։ Այսինքն, մի ողջ սերունդ։ Ձեռքի հետ էլ ունեցվածքները «ազգայնացնելով» իրենց օգտին։ Այդ հիմա է, որ իրենց գառի տեղ են դրել։ Երկրապահների մեջ նախ կխոսի թասիբը եւ կդատեն իրենք։ Իսկ դատելուց հետո կմտածեն, որ մարդասիրական կլինի, եթե նստի եւրոպական բանտում եւ կհանձնեն միջազգային տրիբունալին։ Վազգեն Մանուկյանը այնքա՜ ն երկար է երազել «համաշխարհային ազգ» գլխավորելու մասին, որ այնպիսի մանրուք, ինչպիսին Քոչարյանի ճակատագիրն է, չի կարող նրան ետ պահել իր առաքելությունից։ Որքան էլ տարօրինակ է, Արեւմուտքին ավելի տեւական ժամանակ կարող է դիմադրել միայն նախկին իշխանությունը, թեկուզ եւ այն պատճառով, որ իրենք են այս պետությունը հիմնադրել եւ սուվերեն երկրի պատիվը իրենց համար մի բան արժե։ Նաեւ լուրջ գործոն է Տեր֊Պետրոսյանի միջազգային հեղինակությունը, ինչ էլ որ ասելու լինեն Աստծուց տուժած Կիմ Բալայանիկներն ու գուրգենչիկները։

Բայց դրամական միջոցների ներհոսքը երկիր արագացնելու համար տեղի կտան եւ էլի կհանձնեն։ Ֆրանսիան ձեւ կանի, թե այդպիսի մարդ չի ճանաչում, ինչպես Ամերիկան է մոռացել, որ Սերբիայի նախագահ Միլոշեւիչը 95 թվականի Դեյտոնի խաղաղության համաձայնագրի կնքման պրոցեսի աստղն էր եւ, կարելի է ասել, մի ամիս ապրում էր Քլինթոնի տանը։ Բայց այսօր Սերբիայի նոր իշխանությանը խեղդում են՝ Միլոշեւիչին ժամ առաջ միջազգային տրիբունալին հանձնելու պահանջով, եթե, իհարկե, փող են ուզում՝ ավերված երկիրը ոտքի կանգնեցնելու համար։ Սերբիայի նոր ղեկավարը դեռ դիմադրում է, որովհետեւ սերբերի 60 տոկոսը դեմ է հանձնելուն։

Իսկ հայերի քանի՞ տոկոսը պիտի դեմ լինի Քոչարյանին հանձնելուն… Անհարմար էլ է հաշվելը»։

Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon