Արցախի ԱԱԾ. Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից
Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը, որին այսօր ձերբակալել են ադրբեջանական սահմանապահները, ըստ նախնական տեղեկությունների` մոլորվել է և ընկել ադրբեջանական վերահսկողության տակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն:
«Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին»։
Նշենք՝ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ ձերբակալել են Ռաշիդ Բեգլարյանին, որն Աղավնոյի մոտակայքում իբրև թե խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի լուսանկարը։