«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

«3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

Հարավային Կովկասի վերաբերյալ «3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, Անկարան հույս ունի, որ Վրաստանը նույնպես կմասնակցի։ Իսլամաբադում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Աֆղանստանում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 17-րդ արտահերթ նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն Ջեյհուն Բայրամովը և ես քննարկել ենք (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի և (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, 3+2 հարթակի հանդիպումը Մոսկվայում, որն անցկացվել է փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրան չի մասնակցել Վրաստանը, սակայն հավատում ենք, որ նա կմասնակցի հաջորդ նիստին, որը, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի կունենա Թուրքիայում», - նշել է ԱԳ նախարարը։

Նշենք, որ  Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ներդրումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Հանդիպումը կայացել է Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:

«Կողմերը քննարկել են 3+3 համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները, որը նախաձեռնել էին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները: Շահագրգռվածություն է հայտնվել այդ համագործակցության մեխանիզմը խթանելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը, դեկտեմբերի 19-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Արտգործնախարարը հավելել է, որ այդ հարցը  քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, նաև շեշտել, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում և համատեղ որոշումներ է կայացնում Բաքվի հետ տարածաշրջանային, հատկապես Հարավային Կովկասի հարցերի շուրջ:

Նշենք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: