Ադրբեջանցիները մտել են Որոտանի և Շուռնուխի տարածք
Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը հայտնվել է ադրբեջանցիների «նշանառության» տակ։ Վերջիններս մտել են գյուղի տներից մեկը և պահանջել, որ տանտերերը լքեն այն՝ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Իրենք իրենց GPS–ով մեզ պարտադրում են, որ սա իրենց տարածքն է։ Իսկ այդ հատվածում մարդկանց այգիներն են, այգիներում` կառուցված տներ, որոնք անմիջապես գյուղինն են։ Մոտավորապես 12 տուն է։ Այս պարագայում մեր իշխանությունը թքած ունի` ինչ է կատարվում Սյունիքում։ Փոխարենը Գորիսի քաղաքապետին ձերբակալելով են զբաղված»,– ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` սահմանագծման գործընթացին մասնակցում են միայն համայնքային իշխանության ներկայացուցիչները, բայց, ըստ Հովսեփյանի, միայն իրենց ձայնը շատ քիչ է։
Հարցին, թե այս պահին ինչ է կատարվում գյուղում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին էն առաջին տունը, որտեղ մեկ–երկու օր առաջ մտել են թուրքերը, ասել են` դուրս եկեք էստեղից, հիմա այդ տան պլաշչադկում կանգնած են թուրքերը»։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12–ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։
Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։
Հայաստանի սահմաններին տեղի ունենող պրոցեսը ոչ թե դեմարկացիա կամ դելիմիտացիա է, այլ սահմանային կետերի տեղորոշում։ Այսօր կառավարության նիստում նման հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել։ Մյուս կողմից` սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Դրանք բոլորովին տարբեր հարցեր են։ Այս պահին տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը»,– ասաց նա։
Նշենք, որ միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։