Ադրբեջանը գնդակոծել է Նախիջևանիկը
Ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում կայանված գյուղատնտեսական տեխնիկան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու հետևանքով վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը: Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք`Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։ Նշվում է, որ ադրբեջանցիները տանկեր են կուտակել Խրամորթի մոտ: