Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Վերջին անգամ Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին տեղեկությունը ստացվել է մարտի 10-ին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արդյունքում 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել է շրջափակման մեջ։