«  Մարտ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԱԳ փոխնախարարի ելույթը՝ ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին

ԱԳ փոխնախարարի ելույթը՝ ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես է եկել ելույթով: 

«Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորեց ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշեց, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելեց, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշեց, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հավելեց, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրությունում: