Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում
Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում, երևացել է ընդամենը արոտավայր: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց»պատմամշակութային արգելոցի տարածքում շինանարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը:
«Մեզ բանավոր պատասխանել են, որ առայժմ աշխատանքները մի շարունակեք մինչև համապատասխան հնագետներ կգան, տարածքը կնայեն, կուսումնասիրեն, նոր համապատասխան գործընթացը նորից կշարունակեք»,-ասաց նա՝ անդրադառնալով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքների շուրջ բարձրացած աղմուկին և շինաշխատանքների դադարեցմանը։
Նրա խոսքով կոնկրետ ժամկետների մասին խոսք չի եղել, և որ իրենք մտածել են արագ կլինի գործընթացը։
«Կոնկրետ ժամկետ նշված չէ, ուղղակի մենք սպասում ենք, որ համապատասխան մասնագետներ գան. Մենք կարծել ենք, որ արագ կլինի այդ ամեն ինչը, ասենք մյուս շաբաթ կամ 10 օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն»։
Նրա խոսքով 1986թ.–ին պահպանողական գոտին փոխվել է և 2013–ին այլ պահպանողական գոտի է գծվել։ Նա համեմատության մեջ դրեց նախկին և ներկա պահպանողական գոտիների գծապատկերները, ասելով, որ նորն ավելի գրագետ է արված։
«Պատկերացնո՞ւմ եք, կադաստրային քարտեզով երևացել է, որպես արոտավայր։ Ես զարմանում եմ Մշակույթի նախարարության վրա. Դուք պատկերացրեք, որ Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում, երևացել է ընդամենը արոտավայր և Մշակույթի նախարարությունը սկի պետքն էլ չի՛ եղել, հաստատել է այս կադաստրային քարտեզը»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, եթե շարունակեն ձգձգել գործընթացը և խոչնդոտեն իրենց աշխատանքները, կդիմեն դատարան, քանի որ իրենք ունեն դրա համար բոլոր հիմքերը։