ԱՄՆ-ի ֆինանսավորումը Ուկրաինային տարեվերջին կավարտվի
Սպիտակ տան բյուջեի գծով տնօրեն Շալանդա Յանգը Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում գրել է. «Առանց Կոնգրեսի գործողությունների մինչև տարեվերջ մենք կսպառենք ռեսուրսները Ուկրաինայի համար ավելի շատ զենք և տեխնիկա գնելու, ինչպես նաև ԱՄՆ ռազմական պաշարներից տեխնիկա տրամադրելու համար»: «Գոյություն չունի ֆինանսավորման կախարդական աղբյուր, որը կարող է բավարարել այս պահը։ Մեր փողերը վերջացել են և ժամանակ գրեթե չկա»,- աս ել է նա:
Նախագահ Ջո Բայդենի՝ իր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունների համար, ներառյալ Ուկրաինան, Իսրայելը և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, 106 միլիարդ դոլար շտապ ֆինանսավորման խնդրանքը շարունակում է մնալ Կապիտոլիումի փակուղում, որն առաջացել է հանրապետականների կողմից Կիևին օգնության աճող ընդդիմության պատճառով:
«Ամերիկյան զենքի և տեխնիկայի հոսքի դադարեցումը Ուկրաինային ծնկի կբերի մարտի դաշտում ՝ ոչ միայն վտանգի տակ դնելով Ուկրաինայի ձեռք բերած հաջողությունները, այլև մեծացնելով Ռուսաստանի ռազմական հաղթանակների հավանականությունը», - գրել է Յանգը Կոնգրեսին:
«Մեր անվտանգության օգնության փաթեթներն արդեն նվազել են, իսկ օգնության մատակարարումներն ավելի սահմանափակ են դարձել, թեև մեր դաշնակիցներն ամբողջ աշխարհում ակտիվացել են ավելին անելու համար, սակայն ԱՄՆ-ի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի և ուրիշներն այն չեն կարող փոխարինել»,- հավելել է նա։
Յանգն ասել է, որ Ուկրաինան նույնպես տնտեսական աջակցության կարիք ունի, որը կարող է դադարեցվել:
«Եթե Ուկրաինայի տնտեսությունը փլուզվի, նրանք չեն կարողանա շարունակել պայքարը՝ վերջակետ»,- գրել է նա: «Պուտինը դա լավ է հասկանում, ուստի Ռուսաստանը Ուկրաինայի տնտեսության ոչնչացումը դարձրեց իր ռազմավարության առանցքը, ինչը կարող եք տեսնել հացահատիկի արտահանման և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա նրա հարձակումներում»,- ավելացրել է նա:
Читать на русском