Անահիտ Օհանյան. Հերիք է պարտությունն ու ոճիրը հերոսություն անվանեք (տեսանյութ)
Այս ի՞նչ ճարպկությամբ եք փորձում պատմությունը վերաշարադրել ու Մարտի 1-ը որպես պետականության փրկության օր ներկայացնել։
Նախ ուզում եմ մի հարց տալ, հետո նոր անցնել բուն ասելիքիս։
Ի՞նչը փրկեց Քոչարյանը Մարտի 1-ին տասը մարդու կյանքի գնով։ Արցա՞խը։
Եթե Քոչարյանն ու նրան հաջորդած Սերժ Սարգսյանն Արցախի հարցը կարգավորեին էլ չեմ ասում այնպիսի անզիջում մեթոդներով, ինչպես խոստանում էին 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս գալով, այլ գոնե ապահովագրեին Արցախի հայկական մնալը, ես այսօր գուցե լռեի։ Որովհետև 2008 թվականին փողոց դուրս գալու իմ առաջնային նպատակը նրանց իշխանության տարիների անօրինականություններն ու թալանը չէին, այլ Արցախի հարցի լուծումը։
Մարտի 1-ը «Պետականության օր» կարելի էր հռչակել, Քոչարյանին էլ պետական բարձր պարգևի արժանացնել միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախի հարցին այնպիսի լուծում տային, որ Լևոնի ասած ոչ մի բառ, գրած ոչ մի հոդված ու տված ոչ մի հարցազրույց այսօր ճշմարտության որևէ հատիկ չպարունակեր իր մեջ:
Իսկ հիմա ասեք.
Ի՞նչ փրկեց Քոչարյանը Մարտի 1-ով։
Թե՞ հակառակը, Լևոնի հրաժարականը պահանջելով Քոչարյանը դարձավ Արցախի գերեզման փորողը, Մարտի 1-ով փոսը պատրաստեց, իսկ նիկոլին իր սատելիտ քաղաքական գործիչներով ու կուսակցություններով իշխանության բերելով, եկավ ու գերեզմանաքարը դրեց վրան։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ոգևորվածությանը կապված Մարտի 1-ի վերաբերյալ Ասատրյանի այս գրառման հետ, ապա նրանց արժե հիշեցնել. նախքան Մարտի 1-ը «Պետականության օր» հռչակելու և Քոչարյանին հերոսացնելու մասին խոսելը, լավ կլիներ հիշեին, թե իրենք ինչ դերակատարում են ունեցել փաշինյանին իշխանության բերելու գործում։
Մի՞թե ՀՅԴ-ն մինչև հիմա չի հասկացել, որ արտաքին ուժերի ձեռքին գործիք է դարձել իր քաղաքական որոշումներով թե 1998-ին, թե 2008-ին և թե 2018-ին նպաստելով Արցախը հանձնող փաշինյանի իշխանության գալուն։
Չէ՞ որ 2018 թվականի մայիսի 8-ին կայացած վարչապետի ընտրության երկրորդ փուլում նիկոլ փաշինյանի օգտին քվեարկեցին ոչ թե Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը նրան վարչապետ դարձնելով, այլ հենց դուք։
Ու հիմա հարց. մի՞թե այն կուսակցությունը, որն այսքան առանցքային դեր է ունեցել այդ գործընթացում, բարոյական իրավունք ունի խոսելու Մարտի 1-ը «Պետականության օր» հռչակելու մասին միաժամանակ հերոսացնելով Քոչարյանին։
Պետականության ու հերոսության մասին խոսելուց առաջ գուցե արժե՞ նախ պատասխան տալ սեփական քաղաքական ընտրությունների և այն հետևանքների համար, որոնց առջև այսօր կանգնեցրել եք հայ ժողովուրդին։
Հիմա բուն Մարտի 1-ի մասին։
Մարտի 1-ի հրահրողն ու կազմակերպիչը հենց Քոչարյանն էր (գուցե նաև նիկոլի մասնակցությամբ)։
Տասը օր շարունակ մարդիկ փողոցում էին։ Այդ ամբողջ ընթացքում ոչ մի քար ու թուփ չվնասվեց, ոչ մի միջադեպ տեղի չունեցավ։ Իրավիճակը փոխվեց այն ժամանակ, երբ Քոչարյանի իշխանությունը դիմեց սադրանքի խաղաղ քնած մարդկանց գազանաբար ծեծի ենթարկելով։
Ամեն ինչ նախապես ծրագրված էր։
Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հազարավոր մարդիկ անգամ պատկերացում չունեին, որ Քոչարյանն իր օլիգարխների ու «քրեական աշխարհի» ներկայացուցիչ իշխանափալասների հետ խմբեր էր ձևավորել և ուղարկել խանութներ թալանելու ու մեքենաներ հրկիզելու։
Հենց այդտեղից էլ սկսեց գործել նրանց ծրագիրը։ Ստեղծվեց այն քաոսը, որն իշխանությանը հնարավորություն տվեց խաղաղ բողոքը ներկայացնել որպես զանգվածային անկարգություն և սեփական գործողությունների համար արդարացում գտնել։ Իսկ այդ ամենի ողբերգական ավարտը դարձավ սեփական ժողովրդի արյունալի սպանդը։
Ես այդ օրերի անմիջական մասնակիցն եմ եղել, ինքս եմ տեսել, թե ինչ է կատարվել։ Ուստի ինձ պետք չէ այսօր ինչ-որ մեկի գրած «պատմությունը», որտեղ մի քանի խանութի թալանը ներկայացվում է որպես ամբողջ իրադարձությունների էություն:
Բայց զավեշտ է, որ մի քանի խանութի թալանը հիշել եք, իսկ տասը զոհերի՞ն ինչ արեցիք։ Դրանք ձեր պատմական հիշողության մեջ տեղ չե՞ն գտնում։ Թե՞ պետության սեփական քաղաքացիների կյանքի գինը ձեզ համար ավելի ցածր է, քան «Լֆիկի կոնֆետների» արժեքը։
Եթե համեմատություն եք անցկացնում Ֆրանսիայի դեպքերի հետ և հատուկ ընդգծում այնտեղ անկարգություններին մասնակցող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հանգամանքը, ապա մի բան էլ հիշեք․ Մարտի 1-ի կոտորածն իրականացվել է ոչ թե այլազգիների, այլ հենց հայերի ձեռքով հայ ժողովրդի դեմ։
Հիմա առաջարկում եք Մարտի 1-ը հռչակել «Պետականության օր», իսկ Քոչարյանին պետական բարձր պարգևի արժանացնել։
Ի՞նչն եք պատրաստվում տոնել. տասը մարդու մա՞հը, թե՞ սեփական ժողովրդի դեմ գործադրված բռնությունը։
Հետո նիկոլին դավաճան եք անվանում, որ 44-օրյա պատերազմի տարելիցը «թոկից ազատվելու տոնը» Թաթայի համերգով է նշում։ Իսկ ո՞րն է ձեր ու նիկոլի տարբերությունը, եթե դուք էլ Մարտի 1-ի ողբերգությունն եք որպես հերոսություն ներկայացնում ու դրա համար Քոչարյանին պարգևատրել առաջարկում։
Իսկ եթե ուզում եք խոսել պետականության մասին, նախ պատասխանեք ի՞նչ եղավ Արցախը։ Ի՞նչ եղավ այն խոստումը, որի անվան տակ պալատական հեղաշրջում արեց Քոչարյանը: Ի՞նչ եղավ այն Արցախը, որը Քոչարյանը խոստանում էր «փրկել» Լևոնից։
Մարտի 1-ն արդարացնելով դուք ոչ միայն պետական հանցագործությունն եք արդարացնում, այլև հայ զինվորի ձեռքով հայի սպանդը։ Ավելին ջուր եք լցնում նիկոլի ջրաղացին նրան հասկացնելով, որ ձեռքերն ազատ են․ մի մասին թուրքական բայրաքթարով կոտորեց, մյուսին կարող է հայի ձեռքով կոտորել, ու ձեր նմանները դարձյալ արդարացումներ կգտնեն։
Իհարկե, նիկոլի ու Քոչարյանի բարոյական կերպարները սար ու ձորի չափ հեռու են իրարից։ Քոչարյանը գոնե իր զոհերի գերեզմանները նիկոլի պես չի պղծում զոհվածների ծնողներին ծեծի ենթարկելով, զոհերի առաջ ծնկաչոք աղոթքներով ու կեղծ արցունքներով ցուցադրական տեսարաններ բեմադրելով։
Եվ այսքանից հետո, երբ Մարտի 1-ի ողբերգությունը ներկայացնում եք որպես Քոչարյանի հերոսություն ու պետական պարգևի արժանի սխրանք, ինչո՞ւ եք զարմանում, որ նիկոլ փաշինյանին էլ միջազգային մրցանակների են արժանացնում նրա կատարած պետական հանցագործությունը «խաղաղության» անվան տակ գնահատելով։
Եթե մեկի դեպքում ժողովրդի արյունով ավարտված իրադարձությունները կարելի է փառաբանել որպես պետականության փրկություն, ապա մյուսի դեպքում ինչո՞ւ եք զարմանում, երբ ազգային ողբերգության հետևանքով առաջացած իրողությունները ներկայացվում են որպես խաղաղության ձեռքբերում։
Մի՞թե պարոն Ասատրյանը մինչև հիմա չհասկացավ, որ 1998 թվականի իշխանազավթումը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և նիկոլի իշխանության գալը մեկ ընդհանուր շղթայի օղակներ էին, այն արտաքին ուժերի շահերի սպասարկման արդյունքը, որոնց ձեռնտու չէր Արցախի հարցի ի նպաստ Հայաստանի լուծումը։
Լևոնը չմերժվեց ներսում. նա մերժվեց դրսում, որովհետև Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը կարող էր ամրապնդել Հայաստանի դիրքերը և ապահովել Արցախի հայկական ապագան, ձեռնտու չէր...։ Այդ օտարածին ուժերի համար Արցախը պետք է մնար ոչ թե հայերեն ապրող հայրենիք, այլ աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա։
Մի՞թե պարոն Ասատրյանը մինչև հիմա չի հասկացել նաև մի կարևոր ճշմարտություն․ այո, պատմության մեջ լինում են պահեր, երբ պետությունը փրկելու համար ստիպված ես լինում ծանր զոհողությունների գնալ։ Բայց մեր դեպքում մեզ զոհաբերեցին ոչ թե հանուն մեր պետության փրկության, այլ հանուն ուրիշների շահերի։ Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ ամենը ներկայացվում է որպես պետականության փրկություն։
Պետականության փրկությունը չի կարող չափվել իշխանավորների պահպանված աթոռներով, երբ դրա գինը հայրենիքի կորուստն է, ժողովրդի արյունն ու ապագայի ոչնչացումը։
Եթե Մարտի 1-ը պետականության փրկություն էր, ապա որտե՞ղ է այդ փրկության արդյունքը։ Քաղաքական պայքարի կամ պատերազմի հաջողությունը գնահատվում է ոչ թե հնչեցրած ճառերով, այլ վերջնական արդյունքով։ Իսկ եթե այդ ամենի վերջում կանգնած ենք կորսված Արցախի ու փլուզված պետականության առաջ, ապա ի՞նչ տարբերություն ձեր ու նիկոլի միջև․ դուք Մարտի 1-ի սպանդն եք ուզում «Պետականության օր» հռչակել, նիկոլն էլ Արցախի կորուստն է ներկայացնում որպես հաղթանակ։ Երկուսդ էլ պարտությունն եք փաթեթավորում որպես հաղթանակ, միայն թե ձեր ձախողումը պետականության փրկություն ներկայացնեք։
Պետականությունը Լևոն Տեր-Պետրոսյանը չէր, ոչ Քոչարյանն էր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ նիկոլ փաշինյանը։ Պետականությունը ժողովուրդն է, նրա անվտանգությունը, իրավունքները, հայրենիքը, ինքնությունը և այն արժանապատիվ ապագան, որն իշխանությունները պարտավոր են պաշտպանել:
Հերիք է պարտությունն ու ոճիրը հերոսություն անվանեք։ Ոչ նիկոլի խաղաղության կեղծ օրակարգն է փրկություն, ոչ էլ Քոչարյանի Մարտի 1-ն է պետականություն։
Մինչև չսովորեք առերեսվել սեփական մեղքերին ու ձախողումներին, այս պետությունը երբեք ոտքի չի կանգնելու։ Իսկ Մարտի 1-ը ոչ թե պարգևների, այլ ներողության ու ապաշխարանքի օր պիտի լինի:
Տեսանյութը՝ «Ա1+» -ի


