Անահիտ Օհանյան. «Նիկոլ աղետաբերի» քաղաքական դատավճիռը ժամանակի հարց է
Քաղաքականության մեջ ամենածանր հանցագործությունը ոչ թե սխալվելն է, այլ սեփական անմեղսունակությունն ու պատրանքները պետական ռազմավարություն հռչակելը։
Այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ, ոչ ճակատագիր էր, ոչ էլ անխուսափելիություն։ Սա մի պատերազմ էր, որը պարզապես չպիտի լիներ։ Այն բերվեց, հրահրվեց և անխուսափելի դարձրեց մեկ մարդու և նրա վարչախմբի բացարձակ տհասության, քաղաքական տգիտության ու էժանագին պոպուլիզմի հետևանքով:
Դիվանագիտությունն ու ռացիոնալ հաշվարկը փոխարինվեցին հրապարակային ճղճիմ ճառերով, «զրոյական կետից» սկսելու ինքնահավան զառանցանքներով և «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ցինիկ ամբարտավանությամբ, «Արցախը Հայաստան է և նոր պատերազմ, նոր տարածքներ» ճոռոմաբանությամբ: Պետական պատասխանատվությունը տեղը զիջեց փողոցային ամբոխահաճությանը։
Միջազգային հարաբերությունների իրական օրենքներն արհամարհող, տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը չհասկացող և բանակցային ժառանգությունը դիտավորյալ մսխած այս իշխանությունը քայլ առ քայլ փակեց խաղաղության բոլոր դռները։
Իսկ երբ քաղաքական միտքը փոխարինվում է դատարկ կարգախոսներով, խոսում են թնդանոթները։
Եվ երբ նախազգուշացվում էր աղետի մասին, սթափ հաշվարկի կոչ անողները պիտակավորվում էին որպես «դավաճաններ»։
Արդյունքը եղավ ավերիչ, հազարավոր անմեղ կյանքեր, կորսված հայրենիք, ծնկի բերված պետականություն և հարյուր հազարավոր արցախցիների ողբերգություն։
Եվ այս ամենից հետո ամենասարսափելին մեղքի ու պատասխանատվության բացարձակ բացակայություն:
Ամենաստորացուցիչն ու բարոյազուրկը կատարյալ ջախջախումն ու կապիտուլյացիան որպես «հաղթանակ» և «փրկություն» հրամցնելու ցինիզմն է։ Պարտությունը չընդունող և սեփական խայտառակ տապալումը դիմացինի վզին փաթաթող իշխանությունը զրկում է ազգին ոչ միայն հաղթանակի հույսից, այլև արժանապատվությունից աղետը ներկայացնելով որպես «նոր ձեռքբերում»։ Սա արդեն ոչ թե պարզապես քաղաքական սնանկություն է, այլ սեփական ժողովրդի գիտակցության բացահայտ բռնաբարություն:
Ամբողջ աշխարհին, նախկիններին, բանակին, ժողովրդին մեղադրող, բայց սեփական աթոռից կառչած ղեկավարն վաղուց արդեն ի զորու չէ պետություն առաջնորդել։
Դուք չկարողացաք կանխել պատերազմը, որովհետև ի սկզբանե չունեիք պետական մտածողություն, այլ ծառա էիք օտար երկրի շահերին:
«Ռուսական լծից ազատվելու» սուտ կարգախոսով այս իշխանությունը Հայաստանը տանում է ուղիղ թուրք-ադրբեջանական լծի տակ։ Մի կախվածությունից իբր փախչելով երկիրը զրկեցին անվտանգությունից ու անպաշտպան հանձնում են թշնամու ողորմածությանը դա անվանելով «խաղաղություն»։
Էրդողանի գիրքը ժպիտով ու հնազանդությամբ գրկելով նա ոչ միայն ստորացրեց պետության արժանապատվությունը, այլև փաստացի ընդունեց նրանց թելադրած կանոններն ու ընդունեց նրանց քաղաքական «կրոնը»:
Ուրացավ Արցախը այն նվիրելով թշնամուն, ոտնակոխ արեց Անկախության հռչակագիրն ու մոռացության տվեց Ցեղասպանության պահանջատիրությունը։ Մեր ազգային ինքնության բոլոր հիմքերը սակարկության դրեց հանուն սեփական իշխանության մի քանի ավել օրերի։
«Զարգացման» ու «խաղաղության» անվան տակ TRIPP-ը Սյունիքի հանձնումն է օտարների վերահսկողությանը։ Սեփական հողով անցնող ճանապարհը ուրիշներին տալով այս իշխանությունը Հայաստանը զրկում է ինքնիշխանությունից ու կտրում Իրանի հետ կյանքի միակ կապից։
Տգիտությամբ եկան իշխանության, ստով ու պոպուլիզմով կործանեցին պետությունը և ի վերջո, սեփական աթոռը պահելու համար դարձան սեփական ազգի դավաճանը:
Պատմությունը դաժան է, բայց անաչառ, այն չի ներում ինքնախաբեությունն ու անպատասխանատվությունը, դավաճանությունը: Այս աղետի գլխավոր հեղինակի անունը վաղուց արձանագրված է « նիկոլ աղետաբեր» և նրա քաղաքական դատավճիռը ժամանակի հարց է։


