«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Անի Մինասյան. «Փաշինյանն ընտրել է երկրորդը»

Անի Մինասյան. «Փաշինյանն ընտրել է երկրորդը»

Անցյալ տարվա նոյեմբերին Տեր-Պետրոսյանի արխիվից հրապարակվեց 2015-ի նոյեմբերի թվով Գագիկ Հարությունյանի միջոցով Սերժ Սարգսյանին ուղղված մի նամակ, որտեղ Նախագահը, գիտակցելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, վերջինիս հորդորում էր չգնալ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված արկածախնդրության ու քայլեր անել ելնելով հետևյալ վտանգներից՝ 

1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։ 

2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։ 

3. Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում։ 
Ինչին  Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ հանրաքվեն չի կարող չկայանալ որոշված ժամկետներում: Այնուհետև տեղի ունեցավ ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ-ի շուրջ իրադարձությունը: Այնուհետև Կիսիլյովին տված հարցազրույցում Սերժն ասաց, որ պատրաստ է գնալ ԼՂ հարցով փոխզիջման, թեև իր թիմը ոչմիթիզական կեցվածք էր ընդունել: 2017ի խորհրդարանական ընտրություններին Խաղաղության օրակարգով հանդես եկավ միայն ՀԱԿ-ը:

Թեև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում Ղարաբաղին վերաբերող կետն ամենամոտն էր ՀԱԿ-ի ծրագրին (որոշակի անհստակությամբ), ՀՀԿ-ն, ինչպես և մյուս ուժերը, ոչմիթիզական կեցվածքով տորպեդահարեցին Խաղաղության գաղափարը և լծվեցին ԱԺ-ում հայտնվելու մրցավազքին՝ ԼՂ հարցը լուծված պրծած լինելու դիրքորոշմամբ, այդ թվում ՔՊ-ն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր թիմով Տեր-Պետրոսյանին մեղադրում էին Սերժին սատարելու մեջ, այնինչ դա սատար էր ՀՀ-ին, քանի որ, ինչպես տեսանք, ԼՂ հարցը լուծված պրծած չէր, և ուստի՝ պատերազմն օրեցօր անխուսափելի էր դառնում՝ թե՛ ուժերի բալանսի խախտմամբ, և թե՛ Նախագահի զգուշացրած վտանգներից բխող իրողություններից:

Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ աթոռին կառչած մնալու համար ձևված սահմանադրությամբ ամրանալուց հետո լուծել խնդիրը, երբ այլևս չլուծելը հնարավոր չէր լինի: Հակառակ դեպքում ինքն էր կապիտուլյանտ դառնալու: Բայց նա անակնկալի եկավ, ու թեև կողմնորոշվեց և իր համար նպաստավոր դիրքավորվեց` Սերժն ընդունեց, որ սխալվել է... «Նիկոլը ճիշտ էր»-ը կարելի է ֆիգուրատիվ դիտարկել. ինչպես հետո նա կհայտներ իր հարցազրույցում` «ես սրանց չեմ պարտվել...,պարտվել եմ ավելի հզոր ուժերի» (ոչ պետությունների)...: Եվ այդպես էլ, սակայն, պատվախնդիր Սերժը չընդունեց, որ Լևոնն էր ճիշտ, իսկ ինքը`սխալ, երբ մերժեց ընտրություններից առաջ արված` Տեր-Պետրոսյանի առաջարկը: Ապացուցեց, որ Հայաստանն իր համար գրոշի արժեք չունի...

Սարգսյանի սահմանադրական արկածախնդրությունը Հայաստանին ավելի մեծ արկածախնդրության ճիրանները գցեց` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Հեղափոխական հայտնի տեխնոլոգիաների էֆեկտիվ կիրառման ու որոշ ուժերի ռեսուրսային սատարով ձնագնդի էֆեկտը հանգեցրեց սպասված արդյունքի: Իհարկե ոչ առանց Քոչարյանի ու Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում սովորական քաղաքացու օրինաչափ ոգևորության ու հավատի: Թվում էր, թե ունենալով մեծ ժողովրդական աջակցություն`Փաշինյանը պետք է լուծեր Ղարաբաղի հարցը և իրեն բնորոշ ինքնաբավությամբ` բոլոր նախկիններին «ապացուցեր», որ ինքն արել է «ավելին»: Ինչի՞ց վախեցավ Փաշինյանը: Իր իսկ պնդմամբ`դավաճան համարվելուց վախեցավ, և Ստեփանակերտում խրոխտ արտասանելով «Արցախը Հայաստան է, և վերջ»` թռավ կոնվեյերից, երբ իրենից պահանջում էին խաղաղ կարգավորել խնդիրը նույն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ի անդամ այլ պետությունների ղեկավարներ: Դա 2019-ին էր, երբ դրանից մի երկու ամիս առաջ Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել առաջին չորս S-400-երը, որի գործարքը կնքվել էր 2017-ին ու ինչի արդյունքում ԱՄՆ-ը  Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել: 2019-ին էր Նիկոլի դիմացը դրվել Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը: 2019-ին էր Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություններ անցկացնում Նախիջևանում, և այլն: Արժանապատիվ խաղաղությունից խուսափելով` բերեց պատերազմ: Պատերազմը չկանգնեցնելով` բերեց կապիտուլյացիա: Պարտությունից հետո չհեռանալով` բերեց նվաստացում ու նորանոր զիջումներ: Բանակն ու սահմանները չամրապնդելով` առավել խոցելի դարձրեց Հայաստանը: Քոչարյանին վերակենդանացնելով`նախկիններով վախեցրեց ժողովրդին, վերընտրվեց, ու փաստացի չլուծված թողեց ներքաղաքական ճգնաժամը: Մերթ ընդ մերթ իր իսկ քայլերից ստեղծած իրավիճակի համար մունաթ  գալով ռազմավարական դաշնակցի վրա` դարձավ անվստահելի գործընկեր, որին ավելի սանձեցին: Արդյունքում` չունենք պարտության հետ չասոցացվող հմուտ բանակցող, չունենք ամուր դիրքեր, չունենք դաշնակիցներ..., բայց ունեցանք 91թ-ից ի վեր Հայաստան այցելած` ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա Նենսի Փելոսին, որի այցի փաստը հղի է Հայաստանի համար աննախադեպ վտանգներով...

Ու այսօր արդեն կանգնած ենք ոչ թե «պատերազմ, թե`խաղաղություն» երկընտրանքի առջև, այլ` արդեն Հայաստանի հաշվին չափազանց ցավալի զիջումներ, կամ` վրա հասնող պատերազմ` իր հետագա էլ առավել կործանարար սպառնալիքներով...
Փաշինյանն ընտրել է երկրորդը:

Անի Մինասյան