Անջեյ Կասպշիկը հանդիպումներ է ունենում Արցախի ղեկավարության հետ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ:
Մայիլյանը և Կասպշիկը հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցի արդյունքներին։
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: