Արա Շիրինյան. «Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ինձ ուղված բաց նամակին»
Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։
Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը անտարբերությամբ» (Տ.Պ.) կանգնած եմ ես՝ «խորհրդի ընտրված նախագահը», որը ցանկություն չունի աշխատելու, որովհետև կարծում է, թե փոփոխություններ իրականացնելու ընդունակ «մարդ չկա»: Այդ պատճառով հրաշալի նախագծեր և հայեցակարգեր մնացին թղթի վրա և Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկևիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ:
Սակայն, եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին: Որովհետև մի բան է տեսնել փոփոխությունների անհրաժեշտությունը, ուրիշ բան է իրագործել դրանք գործող կառույցի իրական ժամանակում: Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ:
Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։ Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա: Հին և հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության: Եթե ես մտածեի, որ սա միակ ճանապարհն է, ես չէի հավակնի այս պաշտոնին։ Փոփոխությունների համար, այո, անհրաժեշտ է «ծավալուն և դժվարին աշխատանք», որը շատերը չեն կարող կատարել՝ գերադասելով քանդելու հեշտ ճանապարհը։ Դրա համար շատ բան չի պահանջվում. մի քանի դիպուկ արտահայտություն, մի քանի նեղացածների հավանություն և սուբյեկտիվ համոզմունքը նոր սնունդ է ստանում ատելության համար: Հին հաշիվները նոր արդյունք չեն ստեղծում:
Հավատացնում եմ ձեզ, Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն: