Արցախում զինծառայող է վիրավորվել. հարուցվել է քրեական գործ
Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: