Արծրուն Հովհաննիսյանի և Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը (ուղիղ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը:
Այս գիշերն Արցախի սահմանի ողջ երկանյքով շարունակվել են ընթանալ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ գործողությունների է անցել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում։ Ադրբեջանական կողմը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում` հեռավար միջոցներ, ԱԹՍ–ներ, հրետանի»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտնեց նաև, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառակորդը նույնպես մեծ քանակությամբ զոհեր ունի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում է կայացրել, և սա Հայաստանի համար արդեն իսկ հաջողություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Որոշման մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանի բնակչությանը զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Նշված է նաև, որ կողմերը հնարավորինս շուտ դատարանին ներկայացնեն ձեռնարկած միջոցների մասին։ Այս որոշումն ակնկալելի էր»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` այն, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքերի թվին է դասվում. սա երրորդ նման դեպքն է։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու պետություններին։
Սա ամեն դեպքում, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար հաջողություն է, քանի որ նախ ՀՀ–ի կողմից է ներկայացվել, բացի այդ, ՄԻԵԴ–ն այդ դիմումը չի ուղարկել Ադրբեջան` հաստատում ստանալու համար։ Նրա խոսքով` ճիշտ է, ՄԻԵԴ–ը երկու պետություններին է դիմել, սակայն քանի որ ընթացք է տրվել Հայաստանի դիմումին, ապա այս դեպքում բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում։ Հարցն այն է, որ ՄԻԵԴ–ն իր որոշման համար հիմք էր ընդունել Հայաստանի ներկայացրած փաստերը խախտումների վերաբերյալ։
Իսկ ինչ վերաբերում է Վարդենիսի խաղաղ բնակչության նկատմամբ հրետակոծության դեպքին, Կիրակոսյանը հայտնեց` այդ տեղեկությունները սեպտեմբերի 29-ին երկու անգամ լրացուցիչ դիմումներով ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ավելին՝ տեսանյութում