Արման Գրիգորյան. «Սերժ Սարգսյանն ու նրա թիմը մի լուրջ պրոբլեմ ունեն»
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սերժ Սարգսյանի հարցազրույցն ապշեցրել է շատերին։ Ինձ էլ։ Մասնավորապես ես չեմ հասկանում ինչպես կարող էր մարդը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին ունենալ էն տեսակետները, որոնք բացահայտվեցին էդ հարցազրույցում, մասնավորապես էդ աստիճանի քննադատական վերաբերմունք ունենար ոչմիթիզականության նկատմամբ, ու միաժամանակ քաղաքականապես հենվեր ոչմիթիզականության վրա` որպես իր ղեկավարած ուժի հիմնական գաղափարախոսություն։ Ոչ միայն հենվել էին այդ գաղափարախոսության վրա, նա ու նրա ղեկավարած ուժն ամեն ինչ արել էին վարկաբեկելու խաղաղության ու փոխզիջումների գաղափարն ընդհանրապես։ Էլ չեմ ասում, որ նրանք պատրաստ էին հոշոտելու բոլոր այն մարդկանց և ուժերին, որոնք այդ տարիներին համարձակվում էին փոխզիջումների մասին խոսել։ Իսկապես շատ դժվար է հասկանալը նման վարքագծի տրամաբանությունը եթե իսկապես ոչմիթիզականության նկատմամբ կար այդպիսի դիրքորոշում։
Ինչևէ, հիմա հեշտացել է հետին թվով տարածքային փոխիզջումների կողմնակից լինելը։ Ավելին, դա դարձել է քաղաքականապես ողջամիտ։ Ի վերջո Սերժ Սարգսյանն ու իր կողմնակիցները շատ լավ հասկանում են, որ ինչքան էլ մեր հասարակության քաղաքականապես շատախոս հատվածը խուճուճ առասպելներ մոգոնի մեկը մյուսի ետևից, թե պատերազմն անխուսափելի էր, թե բանակցային լուծումը նույնն էր լինելու ինչ պատերազմի արդյունքը, թե Ադրբեջանը հետո էլ Սևանն էր վերցնելու եթե էդ 5 շրջանը հանձնեինք բանակցություններով, թե դավաճանություններն էին պատճառը, որ պարտվեցինք, թե բանակից գողացած ռեսուրսներն էին պատճառը, որ պարտվեցինք, թե մեր դեմ ռուսներն ու թուրքերը ինչ որ դավադրություն եփեցին, և այյն, մեր ժողովրդի քիչ խոսող բայց բավականին զգալի մասը պատերազմից հետո հասկացել է, որ խնդիրը պատրանքների վրա հիմնաված կոշտ քաղաքականությունն էր, ու որ հարցն անհրաժեշտ էր լուծել բանակցություններով։ Եվ չնայած Սերժ Սարգսյանը խոստանում է, որ նա քաղաքական պաշտոն զբաղեցնելու հավակնություններ չունի, նա դիրքավորվում է այնպես, որ կարողանա հավակնել այդ զանգվածի համակրանքին։ Ես պատրասվում էի զիջել 5 շրջանները և լուծել հարցը, ասում է նա, բայց «կապիտուլյանտը» խանգարեց, հետո էլ որդեգրեց էդ խելահեղ կոշտ քաղաքականությունն ու երկիրն անդունդը գլորեց։
Իհարկե Սերժ Սարգսյանի խոսքում այլ տարրեր նույնպես կային (հին, փորձված զինվորականներին մեկուսացնելու մեղադրանքը, Իսկանդերը չկիրառելու մեղադրանքը, Շուշիի հանձնման անհասկանալի գործընթացի մասին ասածը, պնդումը, որ ռազմական տեսանկյունից որևէ արդարացում չունեցող հակահարձակումներ են պարտադրել բանակին, և այլն), բայց դրանք երկրորդական են համեմատած այս հիմնական ուղերձի հետ, ինչը, կրկնում եմ, փորձ է նոր դիրքեր նախանշել եթե ոչ իր համար անձամբ, ապա իր ղեկավարած քաղաքական ուժի համար։ Ասեմ նաև, որ սա շատ ավելի խելացի դիրքորոշում է, քան դաշնակցականներինը, որոնք հպարտորեն հայտարարում են, որ Լավրովի պլանը չէին ընդունի եթե նույնիսկ 100%-ով վստահ լինեին, որ արդյունքը լինելու էր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Բայց իհարկե Սերժ Սարգսյանն ու նրա թիմը մի լուրջ պրոբլեմ ունեն։ Էդ նույն ժողովուրդը Սերժ Սարգսյանին հարցնելու է` բա եթե կողմնակից էիք էդ տարածքները զիջելու և խաղաղ լուծման գնալու, ինչու՞ 1998 թ.-ին վիժեցրիք խաղաղության էն պլանը, որին հավանություն էր տվել Տեր-Պետրոսյանը կամ ինչու՞ էիք ամբողջ 10 տարի Տեր-Պետրոսյանին ու նրա կողմնակիցներին դավաճանի ու ազգադավի պիտակներ փակցնում։
Սերժ Սարգսյանը սրան պատասխան ունի, որն արդեն երևաց հարցազրույցում, և վստահ եմ` քաղաքական ակտիվ պայքարի մեջ մտնելուն պես նրա կողմնակիցները դա դարձնելու են իրենց քարոզչության կարևոր բաղկացուցիչ մասը։ Այդ պատասխանը Կազանյան փաստաթուղթն է, որը մի գնդակով երկու նապաստակ է սպանում։ Առաջին, դա ցույց է տալիս, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրելու ինչ որ համաձայնագիր, որը ենթադրում էր Արցախից դուրս մեր վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձ և որ դա իրականություն չդարձավ պարզապես որովհետև Ադրբեջանը մերժեց։ Երկրորդ, որ դա ավելի լավ փաստաթուղթ էր, քան այն, ինչ պատրաստ էր ընդունել Տեր-Պետրոսյանը, որովհետև ի տարբերություն 1997 թ.-ի փաստաթղթի, սրանով ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի հարցն առկախվում էր, այլ պայման էր դրվում այդ կարգավիճակը սահմանելու հանրաքվեի միջոցով։
Սա իհարկե որպես PR վատ չի մտածված, բայց որպես իրական փաստարկ էնքան էլ լավը չի։ Մասնավորապես, էն փաստը, որ Ադրբեջանն ի վերջո մերժեց էդ փաստաթուղթը ոչ թե անկանխատեսելի, այսպես ասած արտաքին իրադարձություն էր, այլ միանգամայն կանխատեսելի ու կանխատեսված, 1998թ.-ի բանավեճի մեջ ներառված իրադարձություն։ Եվ էն, որ համանախագահները նույնպես դեմ չէին, որ էդ փաստաթուղթը կյանքի կոչվի, նույնպես որևէ կերպ չի ուժեղացնում էդ փաստարկը։ Այ եթե համանախագահները պատրաստ լինեին ճանաչելու Արցախը` Ադրբեջանի մերժման դեպքում, դա ուրիշ խոսակցություն կլիներ։ Բայց իհարկե նման բան չկար։
Հետևաբար, որպես փաստարկ, որ մենք խաղաղություն ուզում էինք բայց ավելի լավ պայմաններով քան Տեր-Պետրոսյանը 1998 թ.-ին և որ մենք դրան հասել էինք մինուս Ադրբեջանի մերժումը, դա բոլորովին բանի պետք չի։ Դա իրականում տրամաբանական համարժեքն է հայտնի անեկդոտի. Պողոսն ընկերոջն ասում է` քիչ էր մնում միլիոնատեր դառնայի երեկ։ Ընկերն ասում է` ինչպե՞ս։ Պողոսն ասում է մի մարդուց միլիոն դոլլար խնդրեցի, չտվեց։ Եթե տար, միլիոնատեր կդառնայի»։