Արմեն Խաչատրյան. Ե՞րբ պարտվեց Նիկոլը
Ե՞րբ պարտվեց Նիկոլը
Պատերազմում պարտությունը դա զուտ սեպտեմբերի 28-ից սկսած մարտական գործողությունների ձախողում չէր, այլ ընդհանրապես, հաստատված նոր իշխանության, նոր քաղաքականության, նոր համակարգի պարտությունն էր:
Ե՞րբ սկսվեց այդ պարտությունը:
Երբ 2018թ. մայիսին Սարդարապատում Նիկոլը հայտարարեց իրեն աննախադեպ ու մոռացավ մինչ իրեն եղած բոլոր` թե լավ, թե վատ նախադեպերը: Երբ նույն օրը, նույն ելույթում, սավառնելով պատմության խորխորատներում, սրբագրեց մեր պատմության հաղթական մի ամբողջ տասնամյակ: Իսկ ցավալի ու կորուսված 20 տարիները ձգելով դարձրեց 30 տարի։
Երբ հեղափոխական էյֆորիայի վրա հավաքած 70 տոկոս ձայները համարեց մենակապետության համար տրված մանդատ, ու սկսեց համարել, որ ինքը նոր ու զրոյական կետից է սկսելու ամեն ինչ, այդ թվում Հայոց պատմությունը, ու մինչ իր հայտնվելը մնացած ամեն ինչ սխալ է եղել, եւ ինքը այն միակն է, որ կարող է սրբագրել ու խմբագրել անցյալը:
Պարտությունը սկսվեց այն ժամանակ նաեւ, երբ ի պաշտպանություն հեղափոխության հասարակական տրամադրությունը համարեց աջակցություն Նիկոլի մենակապետության, իսկ տրված բազմաթիվ խորհուրդները անտեսեց, համարելով, որ բացի իրենց որեւէ մեկը չի կարող ճիշտ ուղենիշեր ունենալ:
Պարտվեց, երբ դատաիրավական ոլորտում ոչ միայն չգնաց ցավոտ լուծումների, այլ աղվանհովսեփյանական կադրերը սկսեցին նոր ու ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել` իր նախարարի ձեռամբ:
Պարտվեց, երբ Մարտի 1-ի գործով կեղծ ու շինծու մեղադրանքով իր ընկերներին ու իրեն դատող դատավորին (դատավորներին) թողեց պաշտոնավարելու, որ հարմար պահին հեղափոխությանը, ոչ իրեն, այլ հեղափոխությանը թիկունքից հարվածեն:
Պարտվեց, երբ կրթական գործի ու կրթական բարեփոխիչին ոստիկանություն սկսեց բերման ենթարկել ու աշխատանքից ազատել, երբ ընդամենը պետք էր պայմաններ ստեղծել աշխատելու համար:
Պարտվեց, երբ իրական հեղափոխականներին փոխարինեց հավաքածու թիմով, որը ոչ մի բանով մոտ չէր հեղափոխության գաղափարաբանությանը, հեղափոխությունը փոխեց իշխանությամբ ու հեղափոխականին կանգնեցրեց հեղափոխությանը ընդդիմադիր լինելու փաստի առջեւ:
Պարտվեց, երբ մեծամտորեն հայտարարեց, որ այլեւս իրատեսական ծրագրեր իրականացնելը իր միսիան չէ ու պետք է հետապնդել բացառապես անիրատեսական նպատակներ ու հայտարերց, որպես այդպիսին` Արցախը Հայաստան է եւ վերջ:
Պարտվեց, երբ չհասկացավ, որ իր առջեւ դրված ծանրաձողը իր խելքի բանը չի, երբ դա ոչ միայն իր ուժի, այլեւ հմտության, փորձի պակասի պատճառով ցած է ընկնելու ու իր տակ ջարդուխուրդ անի ամեն ինչ:
Պարտվեց, որովհետեւ իր կողիքն չէր թողել մեկին, ով կկարողանար բռնել ձեռքը` սխալ կոճակներ սեղմելու պահին:
Նիկոլը չպարտվեց նոյեմբերի 9-ին:
Ցավոք, հեղափոխական էյֆորիան ու մինչ օրս նրա մարմնի տարբեր «անդամների սիրահարների» խելակորույս ճիչերը, հրապարակային գրառումները շարունակում են նրան հրել դեպի այլ ու տարատեսակ պարտություններ, որոնք գուցե ավելի ցավալի չլինեն, քան նոյեմբերի 9-ի պարտությունը, պակաս պակաս ողբերգական չեն լինելու, քան դա:
2018թ. մայիսից սկսած պարտությունները հաջորդեցի այն փայլուն հաղթանակին, որը մսխելու համար շատ ավելի մեծ ջանքեր էր անհրաժեշտ, քան այն պահելու ու աննախադեպ դարձնելու: