Արտակ Հարությունյան. Սա վերջնականապես տոտալիտար համակարգին անցնելու մեկնարկ է
Ոմանք հարցնում են. «Մի՞թե Ալենի թքելու դրվագը ամենակարևոր հարցն էր»՝ ակնարկելով երկրին պատուհասած մեծ դժվարություններն ու աղետները։ Հարցնողների մի մասն ազնիվ են ու ուզում են հասկանալ, մյուսները մանիպուլացնում են։
Իրականում պատերազմի ու պատերազմին հաջորդած ու հաջորդող արհավիրքների մասին վաղուց իսկ խոսվել է։ Էլի կխոսվի։
Բայց այս դրվագը կարևոր ջրբաժան է։ Սա վերջնականապես տոտալիտար համակարգին անցնելու մեկնարկ է։ Սա հայտարարություն է, որ այսուհետ անօրինական, բռնի, վուլգար ու խուլիգանական ուժով են լուծվելու ներքին խնդիրները։
Սա հայտարարություն էր, որ փակվում է անգամ ձևական ժողովրդավարության էջը։ Սրա մյուս ակկորդը էսօր ԱԺ-ում էր՝ ՄԻՊ-ի թեկնածուի (իմ կողմից անընդունելի անձի, բայց դա կապ չունի) հետ հանդիպմանը։ Այլ դրվագներ էլ կան։
Ապիկար իշխանությունների թեթև ձեռամբ կորցրել ենք Արցախը, ջախջախվել է բանակը։ Հարվածի տակ են Հայաստանի սահմանները, անվտանգությունն ու անկախությունը։ Իսկ այժմ մեկնարկել է ժողովրդավարության վերջին փշրանքների վերացման պրոցեսը։
Այնպես որ, ոմանք կարող են խելոք դեմքով ասել «բա սա՞ է կարևորը», իսկ այդ ընթացքում Հայաստանում վերջնակապես կհաստատվի բռնապետական համակարգ։ Եթե ուշքի չգանք ու հանդուրժենք։
Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ Առաջին նախագահը նշել է, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, իսկ հասարակությանը, քաղաքական ուժերին կոչ է արել միանալ այս նախաձեռնությանը: