Արտակ Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին
Ինչ պատասխան կտա Ռուսաստանի իշխանությունը Միհրան Պողոսյանի դիմումին, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապված խնդրին։
«Դուք գիտեք` Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև ՀՀ–ին արտահանձնվելը իրացրել է իր իրավունքը` քաղաքական ապաստան հայցելով։ Ինչպես կլուծվի դա, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է` կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը»,– ասաց նախարարը։
Զեյնալյանը նաև շեշտեց, որ Պողոսյանի այս քայլը տարբեր մեկնաբանություններով նաև ժամանակ շահելու նպատակ է հետապնդում` հետաձգելով նրա Հայաստան վերադարձվելը։
«Թե որքանով է դա հայրենասիրական, և որքանով է դա բարոյական, արդեն սուբյեկտիվ գնահատականների արդյունք է»,– ասաց Զեյնալյանը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել է 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Ըստ տեղեկությունների, Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։
«