Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել
«Պատիվ ունեմ» ԱԺ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել, որ, ինչպես ինքն է ասում, «կանխի վարչապետ Փաշինյանի ծրագիրը»։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է», - հայտարարեց Վանեցյանը։
Պատգամավորը գիշերել է հրապարակում և խոստացել է չհեռանալ, մինչև չհասնի իր նպատակին։ «Ես լինելու եմ այստեղ 24 ժամ, չեմ գնալու հրապարակից», - նշեց նա:
Այսօր առավոտյան Ազատության հրապարակ են եկել 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին։