ԱԽՔ, կակայա ժեխշչինա, կակայա ժեխշչինա... «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում հայտարարել է, թե Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Ընդ որում, լրագրողի ճշտող հարցին՝ «պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է», պատասխանել է՝ «պատկանում է»։
ԱԽՔ-ի հայտարարությունը, իհարկե, անհեթեթություն է, բայց նիկոլական Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անհեթեթ մտքերի բարձրաձայնման փաստն ինքնին իր մեջ «տեղեկատվական ինտրիգ» չի պարունակում (ճիշտ այնպես, ինչպես չեն պարունակում, ասենք, «երկինքը կապույտ է» կամ «արևը շողում է» արտահայտությունները)։ Այլ հարց է, թե ամեն անգամ կոնկրետ ի՞նչ նպատակով է դուրս հորդում հերթական հիմարությունը։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ հիմնավորմամբ է «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է» հայտարարող իշխանությունը հիմա էլ ասում «Կոռնիձորից այն կողմ Ռուսաստան է»։ Թե՞ որոշել են «հարսի բարեմասնություններով փեսուն լավություն անել» ու փաստացի Ռուսաստանի անունից Ադրբեջանին տարածքային պահանջներ են ներկայացնում՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը կուլ կտա խայծը և ադրբեջանցիներին կվռնդի «իր ինքնիշխան տարածքից»։ Ընդ որում՝ այն նույն Ռուսաստանը, որը հայտարարել է, թե «Ղարաբաղը դե յուրե Ադրբեջան է»։ Կամ՝ մտքներով չի՞ անցել, որ «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին» ասելուց հետո ռուսները շատ հանգիստ կասեն՝ «դե եթե Ռուսաստանին է պատկանում, ուրեմն մենք էլ կորոշենք՝ այնտեղ անցակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինչո՞ւ եք քթներդ խոթում մեր ներքին գործերի մեջ»։
Նիկոլական Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան գուցեև այդ պահին այդ ամենի մասին չի էլ մտածել և վարվել է «շեֆի օրինակով», այսինքն՝ «առաջնահերթություն» է համարել մեղքն ուրիշի (տվյալ դեպքում՝ Ռուսաստանի) վրա բարդելը։ Բայց նաև փաստացի «ցրցամ է տվել» հաջորդ արդարացումը՝ «Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին»։ Մինչև հիմա նման բան հայտարարելու համարձակություն չէին ունեցել, բայց հիմքը դրվեց․ եթե պատասխանատվության գոտին շփոթում են պատկանելության հետ, Արցախից մնացած տարածքն էլ ռուսների պատասխանատվության գոտին է, ուրեմն՝ այդ տրամաբանությամբ, Արցախն էլ է պատկանում Ռուսաստանին։ Իսկ եթե իրենց է պատկանում, ուրեմն իրենք էլ կորոշեն՝ այնտեղ հայեր ապրելո՞ւ են, թե՞ ոչ, էլ «պրիչո՞մ տուտ» Հայաստանի իշխանություններ։ Այ սա՛ էր ասում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ու նաև կանխորոշում էր Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ եթե հանկարծ Ռուսաստանը որոշի, որ «իրեն պատկանող Ղարաբաղում» հայեր կամ չպիտի ապրեն, կամ պիտի ինտեգրվեն Ադրբեջանին։ Այդ դեպքում նիկոլական իշխանությունները կվարվեն ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական անցակետի տեղադրման դեպքում․ կմեղադրեն ռուսներին՝ իրենց պարտավորությունները չկատարելու համար, կմեղադրեն միջազգային հանրությանը՝ անտարբերության և էթնիկ զտումները չկանխելու համար, հանդես կգան դատապարտող հայտարարություններով, և կհամարեն, որ վերջ, այդքանով էլ իրենց ֆունկցիան ավարտվեց, և հանգիստ կարելի է ասֆալտ փռել ու «սուբվենցիոն ծրագրեր իրականացնել» ՀՀ-ից մնացած տարածքում։
Այնպես որ՝ ԱԽՔ-ի հայտարարությունը ոչ թե սովորական անհեթեթություն էր, այլ ուրացման հերթական փուլի քարոզչական նախապատրաստության մեկնարկ։ Հերթական «օվերտոնի պատուհանը»՝ բացված արդեն պաշտոնապես, Հանրային հեռուստաընկերության եթերից։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: