Հայկ Մարության. «ժողովուրդն իր ձայնը տվել է, ոչ թե «ՔՊ» կուսակցությանը, այլ «Իմ քայլը» դաշինքին» (տեսանյութ)
Երևանի քաղաքապետին առաջին անգամ են անվստահություն հայտնում, ու դրա համար պետք է լինեին ծանրակշիռ պատճառներ։ Այսօր Երևանի ավագանու հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այս օրերին նախաձեռնության հեղինակներն ասում են, թե ես` Հայկ Մարությանս, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի ընտրություններից հետո սկսեցինք աշխատել ու հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, որտեղ նախարարները 1.5 մլն դրամ են ստանում, փոխնախարարները 1 մլն դրամ են ստանում»,- ասաց Մարությանը` հիշեցնելով, որ հեղափոխականների նպատակը պետք է լիներ բարելավել այլոց կյանքը։ Մինչդեռ իրականում նրանք եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը։
Համեմատության համար Մարությանը հիշեցրեց` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը վաճառքի է հանել քաղաքապետի ծառայողական «Մերսեդես» ավտոմեքենան ու հիմա էկոնոմ դասի «Նիսան» է վարում` առանց վարորդի։
«Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսութոյւն չէ, սա, ինչպես ասում են` լավ չէ, սա նորմալ է։ Դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը»,– ասաց նա։
Մարությանը հայտարարեց, որ ինքն այդ հարցը բազմիցս բարձրացրել է ՔՊ–ում, տարբեր մակարդակներում, բայց` ոչ մի արձագանք։ Փոխարենը աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր «ռանգի պաշտոնյաներից», որոնք հայտնում էին, թե քաղաքապետարանի ինչ-որ մի աշխատակից «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել» ու պահանջել են նրան աշխատանքից հեռացնել։
«Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ. «Ժողովու՛րդ ջան, հարգելինե՛րս, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին»։ Ասում էի` ցավներդ տանեմ, ախր, երկիրը Ֆեյսբուքով չենք ղեկավարում, ամեն ինչ ֆեյսբուքով չի սկսում ու վերջանում։ Հարազատնե՛ր ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, ես գործով եմ զբաղված»,- ասաց քաղաքապետը։
Նա պատմեց, որ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այս կամ այն տեղ առևտրի կետ դնելու մասին, դրանք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։
«Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ-ի միջև հայացքների խզումը, ու հիմա այս մարդիկ ասում են` Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով 1 ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար։ Պատկերացնո՞ւմ եք` մի երկիր, որ 30 տոկոս աղքատություն ունի, որ իր միջազգային գործընկերներից փող է խնդրւմ իր մանկապարտեզները վերանորոգելու համար»,- ասաց Մարությանը։
Մարությանը շեշտեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ժողովուրդն իր ձայնը տվել է, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ «Իմ քայլը» դաշինքին, որտեղ կային մեծ թվով անկուսակցականներ ու այլ կուսակցուոյսւնների անդամներ։ Նա փաստեց, որ Երևանի ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Այսինքն` Ֆրակցիայի մեծ մասը` 30 անդամներն անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա, կարծում եմ, շատ հատկանշական տվյալ է, որ արտացոլում է մեր հեղափոխական թմի իրական պալիտրան»,- ասաց Մարությանը` հավելելով, որ ինքը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցուոյւնից, բայց ոչ` «Իմ քայլը» դաշինքից ու այսօր էլ շարունակում է մնալ այդ խմբակցության անդամ։
Ուստի նախաձեռնող խմբի այն պնդումը, թե ՔՊ-ն լքելուց հետո կուսակցության ու Մարությանի միջև քաղաքական խզում է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետջնը «ուղղակի կեղծիք» որակեց։ «Իրենց փաստարկներում հիշատակելով ՔՊ անունը` այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությոսւնը, փորձում են ՔՊ–ն դարձնել հեղափոխական արժեքների միակն կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք ՔՊ անդամ չեն, բայց հեղափոխութոյւն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով»,- ասաց նա։