Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան:
Հրաչը զինված ուժերում էր 2007թ.-ից, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև ծառայության անցել Թալիշում: Մի տարի առաջ ամուսնացել էր: Նորաստեղծ ընտանիքում համալրման սպասում էին մայիսի վերջին:
2016թ. ապրիլի 2-ին Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Հրաչը հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների և զոհվել է ապրիլի 3-ին: Հերոսի դուստրը՝ Անահիտը, ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:
Հրաչ Գալստյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Արցախյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի հայրը` Վարդան Գալստյանը, դեկտեմբերի 7-ի առավոտյան գերեզմանոց է այցելելու և ծաղիկներ է դնելու 1988 թվականի երկրաշարժից կորցրած ընտանիքի` կնոջ, դստեր, 3 տարեկան որդու` Հրաչի ու երկրորդ ամուսնությունից առաջնեկ՝ ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի գերեզմաններին: