Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը` կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին տեղեկացրել է Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ հավելելով, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նախկին պաշտոնյայի ձերբակալումը:
«Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասաց նա:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս այսօր կալանավորվեց։ Հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ նույն արարքը կատարելու համար կասկածյալ է։ Երեք պաշտոնյաններն ավելի վաղ արդեն ձերբակալվել էին։
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: