Դիվանագիտությունը չի կարող անկախ լինել քո ուժից
NewsLine-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Ինչո՞ւ և ինչպես 90-ականների շարժման ընթացքում փոխվեց «Միացում» կարգախոսը։
«Միացում» կարգախոսը փոխվեց, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան։ Մինչ այդ պահը, Արցախը Հայաստանին միացնելու պահանջը Խորհրդային Միության ներքին սահմանների հարց էր։ Դրանից հետո միացման պահանջը դիտվելու էր որպես Հայաստանի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, ինչը կարող էր խիստ բացասական դիվանագիտական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Ինչո՞ւ Հայաստանն անկախություն հռչակելիս Ղարաբաղը չներառեց իր կազմում, ի՞նչ խոչնդոտներ կային։
Առաջին հարցին իմ պատասխանն արդեն պարունակում է նաև պատասխանն այս հարցին։ Եթե մենք ներառեինք Արցախը Հայաստանի կազմում, այսինքն հայտարարեինք Արցախի անեքսիան, դա կվիժեցներ բանակցությունները և Հայաստանը կհայտնվեր ագրեսորի կարգավիճակում։ Նույնը, իմիջիայլոց, տեղի կունենար, եթե մենք ճանաչեինք Արցախն անկախ։
Հնարավոր չէ՞ր Ադրբեջանի ՄԱԿ-ի անդամ դառնալն առանց Ղարաբաղի։ Հայաստանը կարո՞ղ էր որևէ կերպ խոչնդոտել դրան։
Ոչ, հնարավոր չէր։ Միջազգային հանրությունը կամ ավելի ճիշտ մեծ տերությունները 90-ականների սկզբին, այիսինքն ԽՍՀՄ-ի ու Հարավսլավիայի փլուզումներից հետո որոշում կայացրեցին, որ որպես անկախ պետություններ ճանաչվելու են միայն այդ ֆեդերացիաների ամենաբարձր կարգավիճակն ունեցող միավորները, այսինքն միութենական հանրապետությունները։ Ավելի ցածր կարգավիճակ ունեցող միավորները չեն ճանաչվելու որպես անկախ։ Դա կամայական որոշում էր, բայց դա նշանակություն չունի։ Որոշել էին, որ ընդունելու են փլուզման միայն այդ մակարդակը։ Դա փաստարկի հարց չէր, համոզելու հարց չէր։ Այնպես չէր, որ կարելի էր գնալ ամերիկացիներին կամ ռուսներին համոզել, որ ոչ մի սկզբունքային տարբերություն չկա Լիտվայի` ԽՍՀՄ-ից անջատվելու ցանկության ու Արցախի` Ադրբեջանից անկախանալու ցանկության միջև։ Խնդիրը չհասկանալը կամ փաստարկները չէին։ Դա կամայական որոշում էր։ Մեծ տերություններն իհարկե հետո իրենք խախտեցին իրենց իսկ ընդունած տրամաբանությունը, բայց դա նույնպես նշանակություն չուներ։ Նրանք ինչ-որ բան միշտ կարողանում են մոգոնել, երբ նրանց շահերը իրենց արտահայտած սկզբունքներից սկսում են տարբերվել։ Դա ավաղ չէր նշանակում, որ Արցախի հարցում մենք կարող էինք մեծ տերությունների բարեհաճությունը ստանալ։ Քանի դեռ նրանց շահերը պահանջում էին Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, որևէ փաստարկ պատի էր հանդիպելու։
Ղարաբաղյան հարցի և Հայաստանի զարգացման տրամաբանությունում, երբ հստակ հոծ գիծ կա մինչև 1998-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածի միջև, Ձեր կարծիքով, ինչո՞ւ են վերջին 25 տարվա պատմությունը առանց աչք թարթելու լղոզում 30 տարվա մեջ՝ 90-ականների հաղթական և հերոսական տարիները ձուլելով պարտության ժամանակահատվածի մեջ. միտո՞ւմ է, չիմացությո՞ւն, թե՞ մի նոր քաղաքական քարոզ։
Դե դա անում են ժողովրդի ուշադրությունն այն փաստից շեղելու համար, որ 1998 թ.-ին Հայաստանի ղեկավարը կողմ էր արտահայտվել հարցի լուծմանն ու մանրամասնորեն կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղ թե ուշ, եթե հարցը չլուծվի փոխզիջումներով ու եթե Հայաստանը շարունակի նվիրված մնալ ոչմիթիզական դիրքորոշմանը։ Հիմա չեն ասելու, որ այդ մարդը ճիշտ էր ասում, մենք սխալ դուրս եկանք։ Ասելու են պատճառը մեր դիվանագիտությունը չէր, այլ այն որ մենք թույլ էինք, ինչի համար բոլորն անխտիր պատասխանատվություն են կրում։ Մոռանում են իհարկե, որ դիվանագիտությունը չի կարող անկախ լինել քո ուժից կամ թուլությունից, եթե նույնիսկ քո նախորդները պատասխանատու են երկրի թույլ լինելու համար։ Բացի դրանից, խաղում են այն տարածված հերյուրանքի վրա, որ 1991-98 թթ.-երի իշխանությունը կոռուպցիայի առումով շատ չի տարբերվել հաջորդ 20 տարվա իշխանություններից։ Մի խոսքով, սա խոսակցության թեման փոխելու, իրական պատասխանատվությունից խուսափելու, և որոշ ընդդիմախոսների վարկաբեկելու թափանցիկ, տգեղ ու որևէ արժանահավատություն չունեցող փորձ է:
Հարցազրույցը վարեց՝ Արմեն Գևորգյանը