«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի»

«Եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի»

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը:

«Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Մեր կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է  վարում, և մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե, Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք համաձայն են, որ  նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի պոտենցիալ աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման:

«Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ մենք որպես առաջնահերթություն սահմանել ենք գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ էության,  համարում ենք տեխնոլոգիաների հետ առնչվող, նաև զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման  որոշակի դինամիկա, ապահովել բարեկեցության որոշակի  մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով տնտեսական հեղափոխության մասին վարչապետ Փաշինյանը շեշտադրեց, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան երկրի տնտեսության շարժիչ ուժը: Առաջիկա տասը տարիների արդյունքով երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր: Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժով երկրի կարգավիճակից: Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան էլ լինելու է կրթական համակարգը, որը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետության ուսանողներին բարձր որակավորմամբ: Այն պահին, երբ նրանք կլքեն բուհը, պետք է ունենան բարձր որակավորմամբ մասնագետի կարգավիճակ: Գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում մեծ տեղ զբաղեցնի»,-ասաց վարչապետը՝ այս նպատակին հասնելու համար մեծապես կարևորելով կրթական բարեփոխումները:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 

Ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկմանը ներկա չէ: