ԵԽ-ն փորձագետների խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Դա անհրաժեշտ է բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից։ Այս եզրահանգման են եկել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասնակիցները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։
«Շառլ Միշելը Բաքվին ու Երևանին կոչ է արել լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել: Նա շեշտել է, որ ուժերի միջև պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԵԽ-ն փորձագետների խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
Շառլ Միշելի ու Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բրյուսելում հաստատվել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը։ «Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն,–գրել է նա։