Ֆրանսիայի ԱԳՆ. Ապրիլի 11-ի դեպքերը տեղի են ունեցել հայկական տարածքում. հայտարարություն
Ֆրանսիայի արտգործնախարարությունը Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 11-ի արյունալի միջադեպի վերաբերյալ՝ շեշտելով, որ «հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»:
Փարիզը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ «հայկական տարածքում, Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և մի քանի վիրավոր կա»:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է՝ այս միջադեպը վկայում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, կոչ անելով կողմերին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Փարիզը լիովին աջակցում է ԵՄ-ի՝ սահմանի հայկական կողմում տեղակայված առաքելության գործողություններին, որում իր ներդրումն ունի։ Նշվում է, որ առաքելությունն առաջնային դեր ունի լարվածության նվազեցմանը նպաստելու գործում։ Ֆրանսիան Եվրոպական միության հետ շարունակելու է հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու բանակցությունների շարունակման ուղղությամբ աշխատանքը։: «Առաքելությունը կշարունակվի՝ ի նպաստ հրադադարի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», - ասված է հայտարարությունում:
Նշենք, Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղում հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չեն եղել և հարձակման վերաբերյալ տեղեկացել են Հայաստանի իշխանություններից։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Վիրավոր վեց զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր»: