ԵՄ դիտորդները Տեղ գյուղի կրակոցների մասին իմացել են Հայաստանի իշխանություններից
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղում հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չեն եղել և հարձակման վերաբերյալ տեղեկացել են Հայաստանի իշխանություններից։ «Արմենպրես»-ը հարցում է ուղարկել ԵՄ-ի մամուլի ծառայությանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ԵՄ-ին ծանուցել է ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին։ Բացի այդ լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչպիսին է ԵՄ ղեկավարության արձագանքը Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը։
ԵՄ-ից պարզաբանվել է, որ դիտորդները տվյալ հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։
«Հայաստանում ԵՄ առաքելությունն իր մանդատի շրջանակներում Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում պարբերական պարեկությունն իրականացրել է ապրիլի 11-ի առավոտյան։ Այնինչ նրանք ներկա չեն եղել այդ հատվածում, երբ միջադեպը տեղի է ունեցել։ Ուշ երեկոյան առաքելությունը Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է կրակոցների մասին»,–հայտնել են ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի բաժնից։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։