Հարբած այգեպանն ու դավադիր խրտվիլակը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որտեղ ռուս խաղաղապահները համեմատվում են պտղատու այգում կանգնած խրտվիլակի հետ, և տեսակետ է հայտնվում, որ նրանք պիտի ընդունեն իրենց առաքելության ձախողումն ու «իրերը հավաքեն»։
,,,Այս հրապարակումն ուշագրավ է նրանով, որ նախ՝ հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, և երկրորդ՝ որպես հիմնավորումներ մեջբերվում են Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանին հղված «դիվանագիտական նոտաներն» ու Ադրբեջանին հղված «լիկբեզը»։ Այլ կերպ ասած՝ սա ՀՀ իշխանությունների պաշտոնական քաղաքականության ոչ պաշտոնական կամ «դուխով» շարադրումն է։
Ըստ այդ շարադրանքի ստացվում է, որ ՀՀ իշխանությունների կարծիքով՝ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, որովհետև լավ չեն հասկանում «պատասխանատվության գոտի» բառակապակցության իմաստը, իսկ Ալիևն ընդհանրապես տառաճանաչ չէ և չի կարողանում կարդալ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Հետևաբար՝ ռուսներին պետք է բացատրել գրվածի իմաստը, Ալիևին՝ սովորեցնել ռուսերեն այբուբենը, և վերջ, բոլոր հարցերը կլուծվեն։
Իրականությունը, ցավոք, փոքր-ինչ այլ է, և «լիկբեզի» կարիք ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ունի, որովհետև պետության ղեկավարը պիտի ոչ թե ընդամենը շարադրի ցավալի իրողությունները և աջուձախ «մուննաթ գա» բոլորի վրա, այլ հասկանա, թե ինչո՞ւ են այդ իրողությունները ցավալի, ինչո՞ւ է մեր «ռազմավարական դաշնակիցն» ավելի շատ համագործակցում ոչ թե մեզ, այլ իր՝ ընդամենը «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանի հետ, ի՞նչն «այնպես չի արել» Հայաստանը, որ արդյունքը սա է եղել, և ի՞նչ քայլեր են պետք՝ իրավիճակը փոխելու համար։ Որևէ մեկը երբևէ լսե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցերով դատողություններ անի, կամ իշխանությունները երբևէ արե՞լ են որևէ քայլ, որը թույլ կտար ենթադրել, թե նա գոնե մտքում ինքն իրեն տալիս է այդ հարցերն ու փորձում եզրակացություններ անել։ Ճիշտ հակառակը՝ այնպիսի տպավորություն է, թե նա անկանոն ցատկոտում է «պտղատու այգում», որտեղ խոտերի մեջ բազմաթիվ փոցխեր են ընկած, բնականաբար՝ անընդհատ տրորում դրանցից մեկը, ճակատին հարված ստանում ու ամեն անգամ «ցավալի իրողությունները» շոշափելով բարձրաձայն «դիվանագիտական նոտաներ հղում»՝ հույս ունենալով, որ արևմտյան գործընկերները կլսեն ու ժամանակին «սանտավիկ» կհասցնեն։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին պտղատու այգու խրտվիլակի հետ համեմատելուն, ապա դատելով նրանց կոնկրետ գործողություններից ու արդյունքներից՝ քննարկելու բան առանձնապես չկա, դեռ մի բան էլ մեղմ է ասված։ Այլ հարց է, որ խրտվիլակը որևէ դերակատարում է ունենում միայն այն դեպքում, եթե այգում պահակ չկա, որևէ ծառի տակ խմած-քնած է կամ թողել-գնացել է՝ նախապես այգին հռչակելով «իր պատասխանատվությունից դուրս»։ Հարց է ծագում՝ այդ իրավիճակում խրտվիլա՞կը պետք է փոխել, թե՞ պահակին։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: