Հարութ Ուլոյան. Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հստակ քաղաքական հայտ ներկայացնի
Դեկտեմբերին եմ գրել: Վաղվա համագումարին ընդառաջ` կրկնում եմ. Հարութ Ուլոյան
«Ստեղծված իրավիճակը պարտադրում է արձանագրել հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հստակ քաղաքական հայտ ներկայացնի: Եթե ոչ այսօր, ապա մոտ, շատ մոտ ապագայում: Ես սա արձանագրում եմ ոչ թե որպես տարբեր մարդկանց անձնական կարծիք, այլ որպես քաղաքական իրավիճակից բխող պարզ տրամաբանություն:
Ըստ էության, Հայաստանի ամենագլխավոր, ամենազգայուն, հայ ժողովրդին հուզող Արցախի հարցում Հայաստանի 23 տարվա ողջ քաղաքական դաշտը պարտվել է Տեր-Պետրոսյանին: Համակրանքի հարց չի: Բացարձակապես: Սա իրողություն է, որի հետ հաշվի չնեստելը թելադրված է կամ ինքնախաբեությամբ, կամ ամեն գնով իրողությունը չընդունելու մոլուցքով ու բարդույթներով, կամ էլ սեփական քաղաքական շահերն առաջ տանելու շահագրգռությամբ:
Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատվության հարցում առաջացել է մի ահռելի անդունդ, որը տարբեր շրջանակներ, այդ թվում` ներկայիս իշխանություններն ու 17-ի խմբակը փորձում են շրջանցել տարատեսակ մանիպուլյացիաներով ու կեղծ օրակարգեր շրջանառելով: Հասկանալի է, որ զուտ մարդկայնորեն այսքան տարիների ընթացքում կրկին Տեր-Պետրոսյանից ինչ-որ ակնկալիքներ ունենալն անհեթեթության է վերածվում, բայց զուտ քաղաքական առումով, առավել ևս տվյալ հարցում, նրան այլընտրանք չկա: Ավելին, ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական հայտ ներկայացնելը շատ ավելի կարևոր է, քան 2007-2008 թթ-ին էր: Հայաստանը ներկայումս շատ ավելի կարիք ունի քաղաքական-գաղափարական մտքի, քան երբևէ: Հայաստանը պետք է վերադառնա իրական քաղաքականության դաշտ, առանց պոպուլիզմի, առանց դեմագոգիայի ու առանց արկածախնդրությունների:
Տեր-Պետրոսյանը եղել է ու կա Հայաստանի այն միակ պետական գործիչը, ով երբեք ժողովրդից չի թաքցրել ճշմարտությունը: Ավելին, նրա հասցեին հնչող քննադատությունների մեծ մասը հենց դրա ադյունքն է: Նա արդեն 2 անգամ քաղաքական հայտ ներկայացրել է. թե 1988-ին, թե 2008-ին նրան հաջողվել է քաղաքական ճակատամարտերում պատմական առաքելություն կատարել: Այժմ, կրելով «խաղաղության գծի» ու չվհատվողի ողջ բեռը, նա պետք է վճռականորեն նոր քաղաքական հայտ ներկայացնի»: