Հարութ Ուլոյան. «Քաղաքական վերլուծաբանի» մանիպուլյացիան ակնհայտ է
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»:
«Ազատության» եթերում մեկնաբանելով այս հայտարարությունը, մեր «քաղաքական վերլուծաբաններից» մեկը պնդել է, թե «Այս ժառանգությունը կուտակվել է գործնականում անմիջապես հրադադարից, պատերազմից հետո, երբ սկսվել է բանակցային գործընթացը և դրանում հայկական կողմը ներգրավվել է՝ փաստացի ճանաչած լինելով Ադրբեջանի որոշակի իրավունքը ազատագրված տարածքների նկատմամբ: Եվ դրա դիմաց հայկական կողմի որևէ իրավունք Բաքուն չի ճանաչել և մինչև հիմա չի ճանաչում, և այս հանգամանքը ստեղծել է լրջագույն խնդիրներ»:
«Քաղաքական վերլուծաբանի» կողմից արված նման մեկնաբանությունից կարելի է երկու հետևություն անել: Կամ նա ընդհանրապես գաղափար չունի Արցախի հարցից, կամ միտումնավոր կեղծիքներ է տարածում` սպասարկելով որոշ շրջանակների շահերը:
Փաստորեն` «քաղաքական վերլուծաբանը» «տեղյակ չի», որ «ազատագրված տարածքների նկատմամբ որոշակի իրավունքը» ոչ թե Հայաստանն է ճանաչել, այլ միջազգային հանրությունը, ու ոչ թե պատերազմից անմիջապես հետո, այլ պատերազմի ժամանակ` ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերում: Ավելին, «քաղաքական վերլուծաբանը» ուզում է «հասկացնել» նաև, որ ինքը տեղյակ չի, որ Հայաստանը մինչև 1998 թվականը վճռականորեն, նույնիսկ դեմ գնալով միջազգային հանրության պահանջներին, չի ընդունել «տարածքային ամբողջականություն» կոչվող սկզբունքը:
Մանիպուլյացիան ակնհայտ է: «Քաղաքական վերլուծաբանը» պնդում է, թե հայկական կողմը ճանաչել է «Ադրբեջանի որոշակի իրավունքը ազատագրված տարածքների նկատմամբ», իսկ «դրա դիմաց հայկական կողմի որևէ իրավունք Բաքուն չի ճանաչել»: Եթե խոսքը վերաբերվում է զուտ «հայկական կողմին» ու Բաքվին, ապա որքան Բաքուն չի ճանաչում «հայկական կողմի» ոչ մի իրավունք, այնքան էլ «հայկական կողմը» չի ճանաչել Բաքվի իրավունքները: Իսկ տվյալ դեպքում` «իրավունքներ սահմանողը» ոչ թե Բաքուն կամ «հայկական կողմն» են, այլ միջազգային հանրությունը` Մինսկի խմբի առաջնորդությամբ: Ըստ էության` «քաղաքական վերլուծաբանը», իբր, տեղյակ չի նաև, որ պատերազմից հետո 1994-95թթ-ին միջազգային հանրության կողմից հաստատվել է հակամարտության ԵՌԱԿՈՂՄ ձևաչափը: «Քաղաքական վերլուծաբանը» այս մասին գոնե պարտավոր էր տեղյակ լինել թեկուզ Փաշինյանի նույն ելույթից, որտեղ վերջինս հայտարարում է, որ «Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, եւ դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է»: