«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Տհասությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավոր խեղաթյուրում

Հարութ Ուլոյան. Տհասությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավոր խեղաթյուրում

Տհասությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավոր խեղաթյուրում

Պարզ հարց եմ տալիս: Եթե ձեզ հարցնեին, թե ինչ-որ ժամանակ առաջ «երկինքն ի՞նչ գույնի էր», իսկ դուք պատասխանեիք` «կապույտ էր», սակայն ինչ-որ մարդիկ սկսեին շրջանառել, թե դուք, իբր, այսօրվա  «մոխրագույն երկնքի» մասին եք ասել, որ այն «կապույտ է», ի՞նչ էիք անելու ու ինչպե՞ս էիք մեկնաբանելու նման մարդկանց էությունը. տհասությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավոր խեղաթյուրում: Այսքանը` իմիջիայլոց:

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա ծավալուն հարցազրույցում, խոսելով Արցախյան հակամարտության լուծման 1997 թվականի հայտնի «Փուլային» տարբերակի մասին, հայտարարեց, որ այդ տարբերակով, այո, չէր լուծվելու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, սակայն այնտեղ խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը լինելու էր Ադրբեջանի կազմում:

Տեր-Պետրոսյանը նաև հավելեց, որ վերջնական կարգավիճակի հարցը «երկար ժամանակի խնդիր էր» և լուծվելու էր միջազգային մանդատ ստացած եռակողմ բանացությունների` Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Մինչ այդ, մինչև վերջնական կարգավիճակի հարցի լուծումը, «Ղարաբաղը ԿԼԻՆԵՐ ապահով` խաղաղապահ ուժերով պաշտպանված, Ղարաբաղը կունենար զարգացման մեծ հնարավորություններ»:

Ապագայի վերաբերյալ պատկերացումներն էլ կարող էին հիմնված լինել հետևյալի վրա. «Ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում է կորել: Ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն: Այն, ինչ հաջողվել է Եվրոպային, ինչո՞ւ չի կարող հաջողվել նաև արևելքի երկրներին: ԿԳԱՐ մի ժամանակ (ժողովուրդները զարգանում են, արթնանում են, նոր հարաբերություններ են ստեղծվում) սահմաններն այդքան նշանակություն կարող են  չունենալ»:

Տեր-Պետրոսյանի կողմից ԱՆՑՅԱԼ ժամանակով ներկայացված ահա այս դիտարկումների բովանդակությունն ու ժամանակագրությունը խեղաթյուրելով, ոմանք «խուճապահար» հայտարարում են, թե «Տեսեեեեք, ժողովուուուրդ, Լևոնը ասում է` սահմաններ մեզ պետք չեն: Ուզում է Արցախը հանձնել ադրբջանցիներին, ու որ թուրքերը գան ամբողջովին մեզ վերացնեն»: Հիմա սա ինչի՞ հետևանք է.  տհասությա՞ն, անմեղսունակությա՞ն, թե՞ միտումնավոր խեղաթյուրմա՞ն: 

Շա՞տ խելք է պետք ունենալ, որպեսզի Տեր-Պետրոսյանի վերոգրյալ դիտարկումներից ընկալել հետևյալը.

  • 1997 թվականի «Փուլային» տարբերակով լուծվելու էր նոր պատերազմի բացառման խնդիրը,
  • Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ կողմերի, ինչպես նաև միջնորդների ծայրահեղ հակադիր դիրքորոշումների հետևանքով այդ պահին անհնար էր դարձնում այդ հարցի` վերջնական կարգավիճակի լուծումը,
  • Այդ պահին լուծվում էին այդ պահին լուծման հնարավորություն ունեցող հարցերը (տարածքներ, ապաշրջափակում, խաղաղապահներ, ներդրումներ, երկխոսություն և այլն),
  • Արցախի վերջնական կարգավիճակն ապագայում լուծվելու էր միջազգային մանդատ ստացած եռակողմ բանացությունների միջոցով,
  • Կարող էր լինել այնպես, որ ապագայում ժողովուրդների զարգացման, պատմական բեռի թոթափման հետևանքով մեր տարածաշրջանում էլ ստեղծվեր այնպիսի իրավիճակ, որ սահմանների նշանակությունը կորեր այնպես, ինչպես այժմ Եվրոպայում է: Նման հնարավորության բացառողներն ու հերքողները, ըստ էության, բացառում ու հերքում են Եվրոպայի գոյությունը: 

Ինչպես Տեր-Պետրոսյանն ասաց հարցազրույցում` մարդ արդեն անհարմար է զգում այս պարզագույն դիտարկումները մանրամասնելուց:

Հարութ Ուլոյան